Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տնտեսության վատթարացումը կարող է «էական ազդեցություն ունենալ» Հայաստանի վրա


Ռուսաստանի տնտեսական հեռանկարները վատացել են, և տեսականորեն դա կարող է էական ազդեցություն ուենալ ռուսաստանյան տնտեսության հետ սերտորեն կապված Հայաստանի տնտեսության վրա:

Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարություն արեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Վերջին շրջանում բազմաթիվ են հայտարարությունները, որ այս տարի դժվար է լինելու Ռուսաստանի տնտեսության համար: Հնչում են անգամ կարծիքններ, որ ռուսաստանյան տնտեսությունը կարող է անկում ապրել 2014-ին:

Մարտի 17-ին ելույթ ունենալով Մոսկվայում մեկնարկած «Ռուսական բիզնեսի շաբաթ» միջոցառմանը՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Բելյակովը հայտարարեց․ «Ռուսաստանի տնտեսությունը ցույց է տալիս ճգնաժամի հստակ նշաններ»:

«Նախքան այս վերջին իրադարձությունները հիմնադրամն արդեն իսկ որոշակի անկման ականատեսն էր Ռուսաստանի տնտեսությունում և նվազեցրել էր ռուսաստանյան տնտեսության աճի կանխատեսումը: Ինչպես դուք, այնպես էլ մենք նկատել էինք համակարգային էական գործոններ, որոնք սկսում են իրենց հետքը թողնել Ռուսաստանի տնտեսության վրա: Տեսականորեն դա կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության համար», - ասաց Հորթոնը:

Սակայն մյուս կողմից, ըստ Հորթոնի, Հայաստանը, այսպես ասած, հնարավորություն ունի խույս տալու բացասական հեռանկարից, քանի որ հայաստանյան արտահանման ծավալները աննշան են Ռուսաստանի հսկայական տնտեսությունում:

ԱՄՀ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալը ընդամենը 280 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ միայն մոսկովյան շուկային ծավալը կազմում է շուրջ 400 միլիորդ դոլար:

Մարկ Հորթոնը ընդունեց, որ տնտեսության անկումը Ռուսաստանում կարող է բացասաբար ազդել Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալի վրա:

Հիմնադրամի ներկայացուցիչը հատուկ անդրադարձավ ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքներին, այդ թվում՝ Հայաստանի վրա․ - «Ուկրաինայի իրադարաձությունները մտահոգության տեղիք են տալիս, որ դրանք կարող են անդրադառանալ Հայաստանի տնտեսական աճի վրա՝ Ռուսաստանի տնտեսության միջոցով: Մինչև օրս այդ հետևանքները մեծ չեն եղել, բայց կարող են մեծանալ, եթե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խստացվեն կամ Ուկրաինայում իրավիճակը էլ ավելի բարդանա»:

Թե անդամակցությունը Մաքսային միությանը ինչ ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության վրա, Հորթոնն այսպիսի կարծիք հայտնեց․ - «Առաջին հետևանքը կարող է այն լինել, որ Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծված ապրանքների մաքսային սակագները կարող են բարձրանալ, քանի որ այսօր Հայաստանի մաքսային դրույքաչափերը զգալիորեն ավելի ցածր են, քան Մաքսային միության անդամ երկրներինը: Սակայն հայաստանյան իշխանությունները խնդրել են, որ մոտ հազար ապրանքատեսակի գծով բացառություններ արվեն: Այս բանակցությունները կավարտվեն այս տարվա կեսերին, ուստի դժվար է ասել, թե ինչ հետևանք կունենա Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի տնտեսության վրա»:

Միաժամանակ Հորթոնը նշեց, որ այդ անդամակցությունից կարող են շահել ռուսաստանյան շուկա արտահանում իրականացնող հայաստանյան ձեռնարկությունները: Բացի այդ, Հայաստանում կարող են ներդրումներ անել այն ընկերությունները, որոնք շահագրգռված կլինեն մեր երկիրը դիտարկել որպես հենակետ՝ Մաքսային միությունում գործունեություն ծավալելու առումով:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նաև հայտարարեց, թե հիմնադրամը դրական է վերաբերվում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներին:
XS
SM
MD
LG