Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ի անդամները զգուշավոր են իշխանության հայտարարությունների կապակցությամբ


«Դեմ եմ»-ի անդամները զգուշավոր են իշխանության հայտարարությունների կապակցությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

«Դեմ եմ»-ի անդամները զգուշավոր են իշխանության հայտարարությունների կապակցությամբ

«Դեմ եմ» նախաձեռնությունը գոհ է, որ իշխանությունները չեն բացառում կուտակային կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչի շուրջ քննարկումները:

«Եթե արդեն պատրաստ են, արդել լավ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը:

Թեև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, թե իշխող մեծամասնությունը պատրաստ է քննարկել պարտադիր բաղադրիչի վերացումը, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ՝ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուժետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդեց հակառակը՝ նշելով, թե առանց պարտադիր բաղադրիչի օրենք կզրկվի իմաստից:

«Որովհետև մեր նպատակը մեր ամենախոցելի շերտի, տարեց շերտի բարեկեցիկ կյանքի ապահովումն է: Եվ եթե մենք պարտադիր բաղադրիչը վերացնենք, ապա ակնհայտ է, որ այդ բաղադրիչի բացակայության պայմաններում, ըստ էության, մեծ թիվ չեն կազմի այն մարդիկ, ովքեր կգնան կամավորով: Յուրաքանչյուր հասարակություն առաջին հերթին գնահատվում է այն բանով, թե ինչքանով է ինքը հոգում իր ամենաանապահով խավերի մասին՝ մանուկների և ծերերի: Եվ այս օրենսդրական փաթեթը ընդգծված մարդասիրական օրենք է: Հանելով պարտադիր բաղադրիչը՝ մենք կզրկենք այս փաթեթին իր այդ ամենակարևոր դրսևորումից», - նշեց Մինասյանը:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամը, սակայն, կարծում է, որ օրենքն ավելի լավ կաշխատի առանց պարտադիր բաղադրիչի․ - «Եթե լինի վստահություն, եթե պայմաններն ինձ ձեռք տան, ինչո՞ւ ոչ»:

Հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ իշխանությունը, Գագիկ Մինասյանը ասաց, թե «փոփոխություններ հնարավոր են»․ - «Փաթեթը բավականին մեծ է, փաթեթը բավականին բարդ է, և հիմնական նպատակը թողնելով անսասան, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նա լինի ավելի ու ավելի անթերի»:

Շրջանառվող վարկածներից մեկն էլ սոցիալական ծառայությունների փաթեթի ներդրումն է, երբ քաղաքացին, մի կողմից, պարտադիր վճարումներ է անում, մյուս կողմից՝ հնարավորություն է ստանում անհրաժեշտության դեպքում օգտվել սոցիալական փաթեթներից, ասենք՝ այդ գումարով լուծել առողջական խնդիր:

Արաբաջյանի խոսքով, սակայն, իրենց պայքարը ոչ թե սոցիալական, այլ իրավական դաշտում է․ - «Միանշանակ դա մեր կողմից անընդունելի է, որովհետև պայքարում ենք հենց ի սկզբանե պարտադիրի դեմ: Ու այստեղ այդքան էլ սոցիալական հարցը չէ, այստեղ իրավունքի հարցն է: Մենք բազմիցս նշել ենք․ այս պահին կապ չունի՝ դա մեկ դրամ է, թե տասը հազար դրամ է: Դա մեր գումարն է, և թող մենք որոշենք, թե ում տանք և ինչ պայմաններով տանք»:

Ընդունելով, որ օրենքը կատարյալ չէ՝ իշխանական թևի ներկայացուցիչները շարունակում են քարոզել պարտադիր կուտակայինի օգուտները՝ առաջին փաստարկը «երկար և էժան փողներն են», որ հնարավորություն կտան ունենալ «ավելի աշխույժ տնտեսություն»:

Օրենքին ընդդիմացողները պնդում են, թե իշխանությունները «սխալ տեղում են փնտրում» այդ փողերը, որովհետև ժողովուրդն այլևս փող չունի:

ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, թե իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ ընդգծելով 20 տարվա հիխոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը:

Արաբաջյանը, սակայն, այս կապակցությամբ ասաց․ - «Իմ ընկերը հիպոթեկով տուն էր վերցրել: Հունվարի 1-ից առաջ նա գնաց, վերաձևակերպեց իր հիպոթեկը, և վեց տարի ավել նա գումար պետք է մուծի: Իր հիպոթեկի գումարներին գումարվել է նաև կուտակայինը․․․ իրենք ունեն պարզ օրվա հացի խնդիր»:
XS
SM
MD
LG