Մատչելիության հղումներ

Վարչապետ. ՄՄ-ին միանալու համաձայնագրերը կստորագրվեն մայիսին


«Հայաստանի կառավարությունը Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ միջոցառումների մեծ մասն արդեն իրականացրել է», - այսօր Ծաղկաձորում կայացած միջազգային գիտաժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Թե երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ՝ վարչապետը նույնպես ասաց, բայց՝ ռուսերեն․ - «Հայաստան ժամանող աշխատանքային խմբերը արդեն տվել են իրենց դրական եզրակացությունը, ճանապարհային քարտեզի համաձայն արդեն մայիսին մենք ցանկանում ենք ստորագրել Հայաստանի Մաքսային միությանը և միասնական տնտեսական գոտուն միանալու համաձայնագրերը»։

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ համաձայնագրերի ստորագրումից հետո՝ արդեն հունիս-հուլիսին փաստաթղթերը կներկայացվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանների վավերացմանը։

Եթե ամեն ինչ գնա կառավարության ծրագրով, ապա 2015 թվականի հունվարի 1-ից արդեն Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ։

Կրթության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում Սարգսյանը բացատրեց նաև, թե ինչու է Հայաստանը որոշել Եվրամիության հետ եռամյա բանակցություններից հետո անդամակցել մաքսային միությանը։ Վարչապետի խոսքով՝ միության անդամ երկրների՝ Բելառուսի ու Ղազախստանի հետ մեզ կապում է պատմական անցյալը, նման են նաև աշխարհընկալումը և արժեքները, և «այս անդամակցությունը առաջիկա տասնամյակների համար որոշիչ դեր է ունենալու»։

«Մենք պետք է այնպես անենք, որ մեր ժողովուրդները իրար հետ շփվելու հնարավորություններ ունենան, միասին իրենց ապագան կերտելու հնարավորություն ունենան, սա նույնպես սկզբունքային հարց է, քանի որ ինտեգրումը ենթադրում է առաջին հերթին հասարակությունների մերձեցում, քանի որ պետությունները շատ շուտ են միանում և բաժանվում», - ասաց Տիգրան Սարգսյանը։

Ի դեպ, մեծամասամբ նախկին Խորհրդային Միության անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող գիտաժողովի ժամանակ վարչապետը բացատրեց նաև, թե ինչու է սեփական երկրում խոսում ռուսերեն։

«Ռուսերենով իմ նախկին ելույթը բուռն արձագանքների պատճառ դարձավ այն բանի հետ կապված, որ Հայաստանի վարչապետը պետք է ելույթ ունենա միայն մայրենի լեզվով: Բայց մեր իրավաբանները ինձ ասացին, որ եթե խոսքը միջազգային գիտաժողովի մասին է, ապա ես կարող եմ ելույթ ունենալ ռուսերեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG