Մատչելիության հղումներ

Սիրիայի Քեսապի հայերը հույս ունեն, որ կվերադառնան հայրենի բնակավայր։ Նրանք արդեն երկու օր է ապաստան են գտել հարեւան Լաթաքիայում՝ ծանոթների, հարազատների տներում, հայկական եկեղեցիներում։

Սննդի ու անհրաժեշտ պարագաների հարցով Քեսապի հայերին աջակցում են հայկական կառույցներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

Ինչպես «Ազատության» հետ զրույցներում նշում են Լաթաքիա տեղափոխված, ինչպես նաև Հալեպում ու Հայաստանում գտնվող սիրիահայերը, մարտի 21-ի վաղ առավոտյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ պայքարող զինյալների ու թուրքական կողմից հարձակման է ենթարկվել Քեսապի շրջանը, ինչի հետևանքով հայերը լքել են Քեսապը։

Տարբեր տվյալներով, շուրջ 600 հայ է տեղահանվել, այդ թվում՝ Հալեպից ու այլ բնակավայրերից սիրիական ճգնաժամի պատճառով Քեսապ տեղափոխված սիրիահայերը։

«Այս պահի դրությամբ, նրանց շրջանում զոհեր չկան։ Կառավարական զորքերի շնորհիվ նրանք կարողացել են հասնել Լաթաքիա», - «Ազատության» հետ զրույցում պատմում էր քեսապցի Շողիկը։

Քեսապից տեղահանվածները հույս ունեն, որ մոտ ապագայում կվերադառնան հարազատ Քեսապ։

«Հայաստանի իշխանություններն առայժմ հետևում են ստեղծված իրավիճակին՝ փորձելով ուղիներ որոնել աջակցելու հայերին», - մամուլում ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանն այս հարցում՝ Բալայանը փոխանցեց, որ «հենց լինի դիրքորոշում, իրենք այն կտարածեն»։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր «ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ գործողություններ են ծրագրում անել այս խնդրի կապակցությամբ, պատասխանեց․ - «Բոլորս էլ մտահոգված ենք: Մենք իրավասու չենք միջամտել այդ պետության ներքին գործերին: Իմ կարծիքով, դա ավելի խորը խնդիր է, և գտնում եմ, որպեսզի նաև պատգամավորները տեղյակ լինեն, մենք կազմակեպում ենք համապատասխան նախարարության հետ լսումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG