Մատչելիության հղումներ

Կուտակային կենսաթոշակային օրենքում «փոփոխություններ կլինեն»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն:

«Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքեց․ - «Պատրաստ ենք քննարկել»:

Ջիջումների գնալու մասին այս հայտարարությունը, հիշեցնենք, նախորդեց «Դեմ եմ» նախաձեռնության անցած շաբաթ օրն անցկացրած բազմամարդ հանրահավաքին, որի մասնակիցների քանակն անգամ կազմակերպիչներին էր անակնկալի բերել:

Այսպիսով Ազգային ժողովի նախագահն ընդունում է, որ օրենքում կան թերություններ, և իրենք պատրաստ են քննարկել փոփոխությունները, ներառյալ՝ պարտադիր բաղադրիչը օրենքից հանելը:

ԱԺ խոսնակն այսօր անդրադարձավ նաև ոչ իշխանական չորս ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները, հիշեցնենք, համաձայնության են եկել ապրիլի 28-ին ԱԺ օրակարգ մտցնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

ԱԺ նախագահը հրաժարվեց որևէ գնահատական տալ այս նախաձեռնությանը․ - «Ես նման որևէ նախաձեռնություն չեմ ստացել․․․ Ստանանք, հետո քննարկենք: Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ի՞նչ գնահատական տանք»:

Խորհրդարանի խոսնակը, ի դեպ, հավանական չի համարում, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

ԱԺ փոխնախագահ (ՀՀԿ) էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, մինչդեռ, խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը պարզապես «քաղաքական բլեֆի» են դիմում, քանի որ երկրում կառավարություն ձևավորողը իշխող Հանրապետական կուսակցությունն է:

«Մեծամասնության օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա», - հայտարարեց նա:

«Ազատության» դիտարկմանը, թե չորս ուժերը մտադիր են մոբիլիզացնել ժողովրդին, փողոց դուրս բերել և իշխանությանը ստիպել գնալ կառավարության հրաժարականին, Շարմազանովն արձագանքեց․ - «Ժողովրդին ոչ թե պետք է հրապարակներ տանել, այլ ժողովրդի խնդիրները պետք է լուծել: Իսկ խնդիրները լուծելու համար պետք է նստել, երկխոսել և առաջարկություններ անել»:

Իսկ իշխանություններին հեռացնելու ժամանակը, Շարմազանովի խոսքով «2013 թվականի ընտրություններն էին»․ - «2013-ի նախագահական ընտրություններին, բացի «Ժառանգություն»-ից, այլընտրանքը այսօրվա [«Բարգավաճ Հայաստան»-ը] և ՀԱԿ-ը չմասնակցեցին: Ոորվհետև, ինչպես իրենք էին ասում, միգուցե կարծում էին, որ 7-10 տոկոսից ավելի չեն հավաքի՞: Կարիք չկա ժողովրդի անունից բոլորը «դոշ ծեծեն» և խոսեն, թե իբր իրենք ժողովրդի մասին մտածում են, մենք էլ նստած գիշեր-ցերեկ մտածում ենք, թե ոնց անենք, որ մեր սիրելի ժողովրդի վիճակը վատանա»:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրություն ունեցող ուժերին Շարմազանովը հորդորում է համակերպվել այն մտքի հետ, որ ընդդիմությունը փոքրամասնություն է, իսկ Հանրապետականը՝ մեծամասնություն․ - «Պետք է համակերպվեն: Մինչև 2017 թիվը ունեն ժամանակ․․․ Կասկածում եմ, որ մինչև 2017 թվականը․․․ լինեն քաղաքական դաշտում»:
XS
SM
MD
LG