Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Համանախագահները, նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:

Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում կիրակի երեկոյան նաև հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին»,- ասված է հաղորդագրությունում:

Այցի շրջանակներում նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG