Մատչելիության հղումներ

«Ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունը մեծացել է»


Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլով, արխիվ, 7 հունիսի, 2013թ.
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլով, արխիվ, 7 հունիսի, 2013թ.

Ռուսների հավանական թիրախը կարող են դառնալ Ուկրաինայի արևելյան շրջանները և Մերձդնեստրը։

Ուկրաինայի արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Անդրիյ Դեշիցյան ABC-TV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը հետզհետե ավելի է սրվում։

«Մենք պատկերացում չունենք, թե ինչ կանցնի Պուտինի մտքով, հիմա ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունը մեծացել է»,- նշել է Դեշիցյան։

Ռուսաստանը հաղորդել է, որ Ղրիմի տարածքում ռազմական 189 կենտրոնների վրա ռուսական եռագույնն է ծածանվում։ Ռուսները գրավել են Սևաստոպոլի մոտ գտնվող Բելբեկի ռազմական օդակայանը և Սիմֆերոպոլի մոտ գտնվող Նովոֆյոդորովկայի ծովային ռազմակայանը։

Ռուսական սպիտակ-կարմիր-կապույտ դրոշի ներքո է հայտնվել նաև Ուկրաինայի ռազմական նավատորմի «Սլավուտիչ» պետանավը։

Ռուսների կողմից բռնակցված Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը կանխատեսում է, որ ռուսական ուժերը վաղ թե ուշ կներխուժեն Ուկրաինայի արևելյան շրջաններ, «որտեղ պաշտպանության տակ կառնեն ռուսախոս բնակիչներին»։

«Այստեղ Ղրիմում մենք շատ երկար սպասեցինք օգնության, բայց հիմա ես կարող եմ ասել, որ դա իզուր չէր, ես համոզված եմ, որ Ռուսաստանը նույն եղբայրական պատրաստակամությամբ կարձագանքի Ուկրաինայի մնացած շրջաններից հնչող օգնության խնդրանքին»,- ասել է Ակսենովը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովը մտահոգություն է հայտնել այն մասին, որ ռուսները կարող են գրավել Մերձդնեստրը։

«Նրանք այնտեղ ունեն միանգամայն բավարար ուժեր, որոնք կարող են Ուկրաինայի արևելյան սահմանից անցնել և ներխուժել Մերձդնեստր»,- ասել է գեներալը։

Բրիդլովը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն զինատեսակներ է մոտեցրել Ռուսաստանին հարող շրջաններ` հակազդելու Բելառուսում ռուսական կործանիչների տեղակայմանը։

«Մենք Իտալիայում գտնվող Ավիանո ռազմակայանից Ֆ-16 օդանավեր ենք փոխադրել Լեհաստան, Լեյքենհիթ բրիտանական ռազմակայանից էլ Ֆ-15-ներ ենք ուղարկել Բալթյան երկրներ, դուք գիտեք, որ մեր ռազմանավերն էլ որոշակի ակտիվացում են ցուցաբերում Սև ծովում։ Մենք քննարկում ենք նաև այլ միջոցներ, սակայն ես հիմա չեմ ցանկանում հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով»,- ասել է գեներալը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ղրիմում ձևավորել իշխանության ռուսական մարմիններ։ Այսօրվանից ռուսական ռուբլին ուկրաինական հրիվնային զուգահեռ շրջանառության մեջ է դրվում Ղրիմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG