Մատչելիության հղումներ

logo-print
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բազմամարդ հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:

«Դեմ եմ» գրությամբ սպորտային վերնաշապիկներ հագած՝ կազմակերպիչները հանրահավաքի ելույթների հարթակին մոտեցան թմբուկների զարկերի ուղեկցությամբ: Երիտասարդ ակտիվիստները կրկին անգամ խստորեն քննադատեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու՝ Կառավարության նախաձեռնությունը:

«Մենք թույլ չենք տալու մեր ձեռքից խլելու մեր սեփականությունը: Եկեք բոլորով գոչենք, ասենք նրանց՝ ոչ թալանին», - բեմից հայտարարում էին կազմակերպիչները, - «Մենք հաղթելու ենք, մենք պայքարելու ենք ու գնալու ենք մինչև վերջ»:

Բեմից հնչեցվեցին այն ընկերությունների և կազմակերպությունների անվանումները, որոնց աշխատակիցները անցած երեք ամիսների ընթացքում գործադուլի, բողոքի միջոցով ընդդիմացել են օրենքին: Հնչեցին, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ատոմակայանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի, Մետրոպոլիտենի, Հարավկովկասյան երկաթուղու, Օպերայի և բալետի ազգային թատրոնի անվանումները:

Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչները, որոնք անցած ամսվա ընթացքում երկու անգամ փակել են միջպետական մայրուղին, պահանջելով հրաժարվել իրենց գյուղերի մերձակայքում ՀԷԿ կառուցելու ծրագրից՝ պնդելով, թե դա կվնասի մրգատու այգիներին, ևս միացել էին պարտադիր կուտակայինի դեմ բողոքող քաղաքացիներին:

Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հարթակի վրա ներկայացան որպես շարքային քաղաքացի: Յուրաքանչյուրն իր ելույթում հաստատեց նախաձեռնության անդամների այն հայտարարությունը, որ այս պայքարը համախմբել է քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը թվարկեց բոլոր այն թերությունները, որոնք առկա են օրենքում և որոնք ներկայացված են Սահմանադրական դատարանի քննությանը:

«Այսօրվա այս բազմահազարանոց միտինգը ցույց է տալիս, որ եթե մենք բռունցք լինենք, մենք կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և Սահմանադրական դատարանի, իբրև մեր երկրում սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնի միջոցով, մեր երկրում կհաստատենք ժողովրդի իշխանություն», - հայտարարեց Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վահան Բաբայանը նշեց, որ առանց համախմբման այս երկում հնարավոր չէ որևիցե հարց լուծել: Հիշելով օրեր առաջ վարչապետ Սարգսյանի երկխոսության հրավերը «Դեմ եմ» թիմին, նա առաջարկեց վարչապետին գալ հրապարակ և հենց այստեղ երկխոսել:

«Ժողովուրդը միասնական է, և այդ ժողովրդին հաղթել չի լինելու», - ասաց նա:

«Դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ինքնիշխան, իրավական Հայաստանին», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հարթակ բարձրացավ ժողովրդի միջից և իր ելույթում նշեց, որ ժամանակն է վայր դնել տարբեր դրոշները և բարձրացնելով միայն Հայաստանի դրոշը՝ հասնել միասնական հաղթանակի:

Թեև շարժման ներկայացուցիչները պարբերաբար ընդգծում են, որ իշխանափոխության պահանջ չեն ներկայացնում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում պահանջեց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ - «Տղերք, միացեք: Միացեք, պրծեք այս ապօրինի իշխանությունից, և բերեք նոր սերնդին իշխանության»:

ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Հրանտ Բագրատյանը պնդեց, թե այս օրենքով Հայաստանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Մարտահրավեր նետելով վարչապետին՝ նա կրկին պնդեց, թե աշխարհի ոչ մի երկրում չկա օրենք, որը 45 տարով ի պահ է դնում մարդու փողերը ու շեշտեց, որ տնտեսական հաշվարկ հնարավոր է անել միմիայն 10 տարվա կտրվածքով: Բագրատյանը նաև ասաց, որ կառավարության կողմից հաճախ որպես օրինակ բերվող Չիլիում կառավարիչների թիվը հասնում է 23-ի, մինչդեռ Հայաստանում դրանք ընդամենը երկուսն են:

«Ես այս ամբիոնից առաջարկում եմ Կառավարությանը, վարչապետին՝ թող ասեն, որ նման բան կա աշխարհում ու ես հեռուստատեսությամբ «կուկարիկու» կկանչեմ», - ասաց Բագրատյանը:

Պարտադիր կուտակային համակարգի ներդրման միակ փաստարկն այն է, որ Հայաստանին պետք են երկար ու էժան փողեր տնտեսության մեջ ներդնելու համար՝ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը սխալ տեղ է փող փնտրում, քանի որ թալանված ժողովուրդն այլևս փող չունի: Որպես այլընտրանք Փաշինյանը կառավարությանն առաջարկեց դիմել օլիգարխներին: Իր կողմից պատգամավորը խոստացավ ամեն ինչ անել՝ շարժման հաղթանակի համար:

«Սա պայքար է հանուն հանրության 80 տոկոսի, և ուրեմն՝ հանուն ժողովրդավարության ու Սահմանադրության: Ու կասկած չկա, որ այս պայքարը անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով», - ասաց Փաշինյանը:

Ելույթ ունեցան նաև դերասան Աշոտ Ադամյանն ու Նախախորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Հանրահավաքին հաջորդեց երթ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Երիտասարդները նաև անակնկալ էին պատրաստել այսօրվա հանրահավաքի մասնակիցների համար՝ ռեփ ոճի երգ՝ «Դեմ եմ պարտադիրին» կոչերով:
XS
SM
MD
LG