Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կրկին խոսում է Ասոցացման համաձայնագրի և առևտրային պայմանագրի անբաժանելիության մասին


Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը (աջ) և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը փոխանակում են ստորագրված փաստաթուղթը, 21 մարտի, 2014

Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը (աջ) և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը փոխանակում են ստորագրված փաստաթուղթը, 21 մարտի, 2014

Մարտի 20-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Բրյուսել համընկավ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի և Ղրիմի ճանաչման, ապա նաև Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հետ:

Նույն օրը Բրյուսելում կլոր սեղան հանդիպման ժամանակ և դրանից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպական միության հետ ստորագրել քաղաքական համաձայնագիրը առանց տնտեսական մասի:

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, վկայակոչում է Ուկրաինայի օրինակը` որպես հնարավորություն Եվրոպայի հետ միայն քաղաքական համագործակցության: Սակայն կլոր սեղանի ընթացքում եվրոպացի պաշտոնյաներն ու պատգամավորները կրկնեցին այն, ինչ արդեն մի քանի ամիս է ասում է եվրոպական պաշտոնական կողմը` քաղաքական բարեփոխումներն ու տնտեսական համաձայնագիրը միասնական փաթեթ են կազմում և հնարավոր չէ մեկն առանց մյուսի իրականացնել:

Ինչպե՞ս է պաշտոնական Բրյուսելը գնահատում այն, որ երկրի վարչապետը գալիս է ԵՄ ոչ պաշտոնական մայրաքաղաք ըստ էության ուղերձով, որպեսզի Եվրոպական միությունը ստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթերին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը պատասխանեց, որ Ուկրաինայի դեպքի եզրակացությունները վերաբերում են մեկ միասնական գործիքին: Այլ կերպ ասած, ինչպես պարզաբանում է Էշթոնի խոսնակը՝ «Եվրոպական միությունը և դրա անդամ երկրները հավատարիմ են մնում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի մյուս` տնտեսական մասին ևս, քանի որ քաղաքական և տնեսական դրույթները միասին մեկ միասնական գործիք են կազմում»:

Եվրոպական խորհուրդը համաձայնել է, որ քաղաքական երկխոսության առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլին: ԵՄ անդամ երկրների նախագահների խորհուրդը կոչ է անում նախարարների խորհրդին և Եվրախորհրդարանին արագ ընդունել առաջարկը և հանել մաքսատուրքերը Եվրամիություն մուտք գործող ուկրաինական արտահանման համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG