Մատչելիության հղումներ

Հայաստանի բնակչության 10 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիություն ունի


Ներկայումս Հայաստանի բնակչության մոտ 10-ը տոկոսը Ռուսաստանի քաղաքացիություն ունի:

Ռուսաստանի Դաշնության անձնագրեր ունեցողների թիվը հասնում է 2-3 հարյուր հազարի: Փորձագիտական տվյալները մեջբերելով՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի քաղաքացիություն ձեռքբերելու պայմանների հետագա հեշտացումը սպառնալիք չէ Հայաստանի համար, արդյո՞ք չի հանգեցնի Հայաստանից արտագաղթի տեմպերի աճին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ավելի լուրջ հետևանքների։ Այս օրերին Ռուսաստանի պետդումայի օրակարգում է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որի համաձայն նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր բնակություն են հաստատում Ռուսաստանում, ունեն ռուսերենի անհրաժեշտ գիտելիքներ, կարող են երեք ամսում քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից և անցնեն ռուսաց լեզվի քննությունը։ Գագիկ Եգանյանի համոզմամբ, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերել չի նշանակում Ռուսաստանում մշտական բնակություն հաստատել, մարդիկ ձգտում են այսպիսով իրենց կենցաղային խնդիրները լուծել. -«Այսօր Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց կարող ենք ասել՝ երկու-երեք հարյուր հազար, սա փորձագիտական գնահատական է։ Գերակշիռ մասը երկքաղաքացի են։ Քաղաքացիություն և մշտական բնակություն իրարից պետք է տարբերենք, քաղաքացիություն ձեռքբերելը չի նշանակում մշտապես բնակվել այդ երկրի տարածքում։ Օրինակ՝ մենք թույլատրում ենք երկքաղաքացիությունը ծագումով հայերի համար, և մեր բազմահազար հայրենակիցներ հաճույքով, սիրով օգտվել են այդ հնարավորությունից, դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Տարեկան տասնյակ հազարների է հասնում այդ թիվը։ Բայց նրանց շատ փոքր մասն է, որ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Նույնը նաև մեր քաղաքացիների համար, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ձեռքբերել, ավելի շատ իրենց կենցաղային առօրյա խնդիրները դյուրացնելու նկատառումներ են հետապնդել՝ աշխատանքի թույլատրություն, հաշվառման հետ կապված հարցեր։ Ենթադրում եմ, որ դյուրացված օրենսդրության պայմաններում էլ նույն դրդապատճառները կգործեն», - ասաց Գագիկ Եգանյանը։

Եթե նույնիսկ ընդունենք, որ ապագայում Ռուսաստանի քաղաքացիություն ստացողները բնակվեն Հայաստանում, արդյո՞ք նրանց թվի ավելացումը երկարաժամկետ հեռանկարում չի սպառնա օրինակ՝ Հայաստանի ինքնիշխանությանը, կա՞ երաշխիք, որ Ռուսաստանն ինչ-որ պահի չի օգտագործի այդ լծակը՝ սեփական խնդիրներն այստեղ լուծելու համար, ինչպես արեց, օրինակ Ղրիմի հետ՝ այս հարցին Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ մեր պարագայում Ղրիմի սցենարը չի կարող գործել. - «Այնտեղ էթնիկ ռուսների մասին էր խոսքը, որոնց գերակշիռ մասը չունեին Ռուսաստանի քաղաքացիություն, նոր է սկսվել նրանց անձնագրեր տրամադրելու գործընթացը։ Իսկ այստեղ էթնիկ ռուսներ գրեթե չկան, մենք մոնոէթնիկ երկիր ենք, բնակչության 98 և ավելի տոկոսը հայեր են»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ Ռուսաստանի համար հեշտ չի լինի ազգությամբ հայերի միջոցով իր քաղաքականությունն այստեղ տարածելը։ Բայց ի տարբերություն Կառավարության ներկայացուցչի, Գրիգորյանը չէր կասկածում, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի դյուրացումը կհանգեցնի Հայաստանից արտագաղթի նոր ալիքի, և դա կլինի արդեն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գնով. - «Ռեալ իրենք թույլ չեն տալիս, որ երկքաղաքացիություն մնա։ Դա նշանակում է, որ շատ արագ տեմպով մենք կարող ենք մեծ թվով քաղաքացի կորցնել։ Այդ հեշտացումը, պարզ է, շատ ուժեղ խփում է Հայաստանին։ Կխթանի արտագաղթը. գիտեք, մի բան է, որ մարդը մտածում է՝ պիտի տասը տարի ապրեմ Ռուսաստանում, բավական լարված է վիճակը, միգրանտների նկատմամբ շատ բացասական են տրամադրությունները, այլ բան է, որ ինքը գիտի, որ կարող է գնալ, երեք ամսում ձևակերպել Ռուսաստանի քաղաքացիություն։ Այո, դա Հայաստանի համար մարտահրավեր է»,- համոզված է փորձագետը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար նման հեռանկարը կլինի աղետ և Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման լրացուցիչ լծակ, հաշվի առնելով, նրա ձևակերպմամ՝ «Ռուսաստանի կայսերական նկրտումները»:

«Սա մաքսիմալ ճնշման միջոցներից մեկն է, ինչքան շատ ճնշում՝ Հայաստանն այդքան շատ զիջում պիտի անի։ Ռուսաստանի համար ռասիզմի դոզան ու չափերը վերջին 15 տարում դարձել են արտաքին քաղաքականության միջոց։ Բացի այդ, Հայաստանը ժողովրդագրորեն ևս մի կատաստրոֆիկ իրավիճակի առաջ կկանգնի, մարդկանց թիվը, քանակը, մեր ժողովրդագրական ստրուկտուրան կփոխվի, որովհետև կգնան համեմատաբար երիտասարդները իրենց ընտանիքներով, Հայաստանում մնում են թոշակառուները։ Դա ժողովրդագրական արդեն ինքնին դեֆորմացված կառուցվածքի ևս մի տխուր և շատ ծանր հետևանք է առաջացնելու»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հրանուշ Խառատյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG