Մատչելիության հղումներ

logo-print

Միությունը կասկածներ ունի մատակարարվող գազի որակի վերաբերյալ, մյուս կողմից՝ չի հավատում «Գազպրոմի» տվյալներին, քանի որ պարզել է՝ այս ընկերությունը Հայաստանում հավատարմագրված որևէ լաբորատորիա չունի։

Գործատուների միությունը բողոք է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ «Գազպրոմ Արմենիայի» դեմ։ Միությունը կասկածներ ունի մատակարարվող գազի որակի վերաբերյալ, մյուս կողմից՝ չի հավատում «Գազպրոմի» տվյալներին, քանի որ պարզել է՝ այս ընկերությունը Հայաստանում հավատարմագրված որևէ լաբորատորիա չունի։

«Եթե ստացիոնար լաբորատորիան նախկինում եղել է, ուղղակի ժամկետն է անցել և չի գործում հավատարմագրման նոր սերտիֆիկատ, ապա շարժականն ընդհանրապես իրենք չեն անցկացրել հավատարմագրման»,- «Ազատությանը» ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Արդեն ամիսներ շարունակ գազի ցածր կալորիականության մասին խոսում է նաև «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնությունը։ Իրենց իրավացիությունն ապացուցելու համար նրանք անգամ Վրաստան գնացին ու նույն սարքավորումներով, մթնոլորտային ճնշման նույն պայմաններում ապացուցեցին, որ ջուրը մեր երկրում ավելի ուշ է եռում։ Երիտասարդների փորձին «Գազպրոմն» արձագանքեց մեկ նախադասությամբ՝ ոլորտի մենատերը կատարված փորձը «սիրողական» որակեց։

«Եթե իրենց լաբորատորիան էլ հավատարմագիր չունի, մենք էլ որակում ենք իրենց լաբորատորիաներն ու իրենց խփած թվերը որպես էլ ավելի սիրողական»,- ասաց շարժման հիմնադիր անդամ Վահան Մարտիրոսյանը։

Գործատուների միության նախագահը ևս, որպես ֆիզիկոս, փորձն ավելի ճշգրիտ է համարում, քան «Գազպրոմի», ինչպես ինքն է ասում՝ հավաստագիր չունեցող լաբորատորիայի տվյալները։

Գործատուների միությունն արդեն դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ նշելով, որ «Գազպրոմ»-ը չարաշահում է իր մենաշնորհային դիրքն ու փորձում է մոլորեցնել սպառողներին։ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել բողոքը։

«Գազպրոմ Արմենիայի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թեև ընկերությունը չի հավատարմագրել լաբորատորիան, բայց փոխարենը ստացել է «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի համապատասխան ստուգաչափման վկայականը։ Ավելին, ըստ Հայաստանի օրենսդրության, «Գազպրոմ»-ից չի պահանջվում։

Գործատուների միությունը սա անարդար է համարում՝ պնդելով, որ պետությունն այսօր ձեռներեցներին պաշտպանելու փոխարեն «Գազպրոմ»-ի կողքին է կանգնում։

«Հանկարծակի մի հատ թուղթ է հայտնվում, որ հաստատում է, որ իբր թե գոյություն ունի հավատարմագրում: Հիմա սա ուսումնասիրության խնդիր է՝ ո՞ւմ մատն է խառը, ո՞վ է ուզում այսպես քողարկել, կամ ո՞վ է ուզում «Հայռուսգազարդին» պաշտպանած լինել և ի՞նչ շահերից ելնելով այ սա թեմա է, որ պետք է հասկանանք։ Այլ գործոն էլ ունենք, որը մենք ընթացքում կհարուցենք վարույթի մեջ, դրանով չենք ավարտի»,- նշեց Գործատուների միության նախագահը։

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնությունն էլ խոստանում է շարունակել փորձերը և ավելի գործուն քայլեր սկսել՝ գազային մոնոպոլիայի չարաշահումները ապացուցելու համար։

«Մենք շուտով կսկսենք իրազեկման պրոցեսը, ժողովուրդը մի մարդու պես ոտքի կկանգնի, որովհետև թեման առավել քան սուր է և փոխհատուցումն ահռելի գումարների է»,- տեղեկացրեց Մարտիրոսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG