Մատչելիության հղումներ

ՀՀ-ի կողմից Ղրիմի անեքսիայի ճանաչումը «բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա»


Ռուսաստանի դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքի վրա, Սիմֆերոպոլ, 17-ը մարտի, 2014
Ռուսաստանի դրոշը Ղրիմի խորհրդարանի շենքի վրա, Սիմֆերոպոլ, 17-ը մարտի, 2014
Հայաստանի կողմից Ղրիմի բռնակցման ճանաչումը բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա, այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկին։

«Այսօր, ինչպես և երեկ, արդեն երկու անգամ հրավիրել ենք Հայաստանի դեսպանին։ Նրան փոխանցել ենք մեր մտահոգությունը։ Նույնը փոխանցել ենք նաև Հայաստանում մեր դեսպանին։ Այսօր հայկական կողմին դիվանագիտական նոտա ենք հղել։ Դրանում մեր՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման առնչությամբ բացատրություններ ստանալու վերաբերյալ ուղերձն է։ Մենք դիմում ենք Հայաստանին՝ պաշտոնապես և հրապարակայնորեն հայտնելու, որ այն չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Մենք այս պատասխանն ենք ակնկալում։ Եթե լինեն հայտարարությունները կամ գործողությունները, որոնք կընկալվեն ոչ բարեկամական, ապա դա բացասական հետևանքներ կունենա երկու երկրների հարաբերություններ վրա»,- РБК-Украина-ի փոխանցմամբ՝ ասել է փոխարտգործնախարարը։

Ուկրաինացի դիվանագետը չի հստակեցրել, թե հատկապես ինչպես կվատթարանան Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, սակայն շեշտել է, որ խոսքը Ուկրաինայի կողմից կիրառվելիք մեծածավալ քայլերի մասին է։

Հիշեցնենք, երկու օր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալասյանը այս առնչությամբ «Ազատությանը» փոխանցեց.- «Ուկրաինական կողմից նոտան ստանալուն պես կձևակերպենք մեր պատասխանը և կքննարկենք՝ այդ պատասխանը հրապարակայանացնելու ենք, թե՝ ոչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG