Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը միջկուսակցական համագործակցություն չի տեսնում


Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան

Նման համագործակցության հիմք դնելու համար նախ քառյակի լիդերները պետք է հանդիպեն, ասում է «Ժառանգության» առաջնորդը:

Ոչ իշխանական 4 ուժերի միջկուսակցական համագործակցություն չկա, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նման համագործակցության հիմք դնելու համար, Հովհաննիսյանի կարծիքով, նախ քառյակի լիդերները պետք է հանդիպեն․ - «Ինչ որ կա այսօր՝ խորհրդարանական համագործակցություն է և կարող ենք ասել, որ ընդհանուր հայտարարն է, նվազագույն շեմն է: Ես և «Ժառանգությունը» համարում ենք, որ վարչապետ փոխելով, նախարար թե չինովնիկ փոխելով, երկրի վիճակը չի փոխվելու: Պետք է արմատական և ամբողջական, և հենց դա է ժողովրդի պահանջը քաղաքական ուժերից: Սակայն խորհրդարանական գործունեության արվեստը դա բանակցություն է, դա փոխզիջումն է, և կարող եմ ասել, որ մենք դեմ չենք լինի այդ նախաձեռնության, թեև համարում ենք, որ դա կիսամիջոց է՝ խիստ ուշացած, և հիմնական խոսքը պետք է գնա իմփիչմենթի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի, և դրանից հետո նոր վիճակում նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների մասին»:

Խորհրդարանում համագործակցող քառյակին Հովհաննիսյանն ընդդիմադիր է համարում, բայց ընդգծում է՝ ածականները փոփոխական են: Լիդերների հանդիպումը կարևորում է գործողությունների հստակ ծրագիր մշակելու տեսանկյունից, ակնկալում է հրապարակային և բաց հանդիպում:

«Հանդիպենք իրար հետ՝ որոշելու համար՝ ընդունո՞ւմ ենք, որ անցյալ տարվա ընտրությունները (և ոչ միայն անցյալ տարվա) կեղծված էին, իշխանափոխությունը՝ Սահմանադրության երկրորդ հոդվածը, ինչպես ենք իրացնելու, ինչ գործողությունների ծրագրով և ինչ ժամանակացույցով», - պարզաբանում է:

Հասնել հերթական ընտրություններին կնշանակի երկիրը թողնել որպես տարածք՝ ժողովրդագրական մեծ խնդիրներով, արտագաղթի շարունակմամբ, ինքնիշխանության կորստի վտանգով, կարծում է «Ժառանգության» առաջնորդը: Ապրիլն է համարում այն ամիսը, որը կմոտեցնի նպատակին: Եթե ապրիլին չլինի շարժ՝ մեծ դժվարության առաջ կկանգնենք ժողովրդի պատրաստակամությունը քաղաքական գործունեության վերածելու հարցում, զգուշացնում է նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց․ - «Ինչ ասել եմ Սյունիքում, ասել եմ նաև Ծառուկյանին»:

Անցած շաբաթավերջին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Կառավարությանն անվստահություն հայտնելը Րաֆֆի Հովհաննիսյանը կիսամիջոց էր համարել, ընդգծելով, որ երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն:

Ծառուկյանը դրական էր տրամադրված, ասաց նա, հույս հայտնելով, որ շուտով ԲՀԿ-ն կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ մեր երկրի վիճակն այնքան ճգնաժամային է, որ միայն քառյակի միացումը բավարար չէ․ քաղաքական այլ ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ պետք է համախմբվեն մի հրապարակում, ասում է: Այդ իսկ պատճառով «Ժառանգության» առաջնորդը այսօր էլ քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին, ազատամարտիկներին, գյուղացիներին ու քաղաքացիներին հանրային նախահավաքի կոչ արեց:

«Ով ասում է՝ այսպես շարունակել հնարավոր չէ, թող գործի», - ասաց նա:

Լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային նախահավաքի մասին իրազեկող թերթիկն էր բերել, վերնագրված՝ «Կոչ միացյալ հրապարակի»:

Ի դեպ՝ Հովհաննիսյանն առաջին նախահավաքը մարտի 28-ին է հրավիրել, այն նույն օրը, երբ Սահմանադրական դատարանը կսկսի լսել պարտադիր կուտակային բաղադրիչի վերանայման հարցը:

Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար «Ժառանգության» առաջնորդը մի քանի օրերի մասին է իրազեկել քաղաքապետարանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց նաև հացադուլ սկսելու հնարավորությունը․ - «Որոշ քաղաքական տեխնոլոգներ, նաև քաղաքացիներ, նայելով իմ քաշին, ասում են, որ ժամանակը հասունացել է: Արմենուհին համաձայն չէ, սակայն, դրա համար ես հիմա չեմ կարող ասել: Ոչ մի բան բացառված չէ»:

Հովհաննիսյանը կարծում է՝ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի նախաձեռնությունն ու բովանդակությունը չեն բխում Հայաստանի շահերից:

«Ավելի լավ է՝ Հայաստանի իշխանությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, քան հրճվեն, որ չգործող նախադեպ է լինելու», - Ղրիմի բռնակցումը այսպես մեկնաբանեց Հովհաննիսյանը, - «Պարոն Սարգսյանի, այսինքն՝ Հայաստանի ժողովրդի կողմից չընտրված գործող նախագահի և պարոն Պուտինի հեռախոսազրույցը արտահայտում է այն ուղղահայաց վասալային հարաբերությունը, որով Ռուսաստանի Դաշնությունը նայում է Հայաստանի վրա և նաև Հայաստանի իշխանությունների ինքնագնահատականն է»:

Ադրբեջանցիները Արևմուտքում ակտիվորեն տանելու են Արցախ-Ղրիմ նույնացումը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կանխատեսեց Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG