Մատչելիության հղումներ

logo-print

Իրազեկման ավտոերթն անցավ առանց միջադեպերի


«Դեմ եմ պարտադիրին» շարժումն այսօր ավտոերթ անցկացրեց՝ իրազեկելով մարտի 22-ի հանրահավաքի մասին:

Շուրջ երկու ժամ շարժման անդամները երթևեկում էին Երևանի կենտրոնական փողոցներով՝ քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց պայքարին:

Ավտոերթն անցկացվեց երկու փուլով․ նախ մեկ ժամ պտույտներ գործելով Հանրապետության հրապարակում՝ մասնակիցները կաթվածահար արեցին ամբողջ երթևեկությունը, իսկ հետո նույնն արեցին Աբովյանի պուրակում:

«Ինչպես տեսնում եք, մենք, պահպանելով երթևեկության բոլոր կանոնները, իրազեկում ենք քաղաքացիներին», - «Ազատությանը» ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը: Դիտարկմանը, թե ոստիկաններն արդեն անհանգստանում են, քանի որ հրապարակը խցանվում է, նա արձագանքեց․ - «Խցանման բացարձակ նպատակ չկա: Սա ավտոերթ է, բոլորս երթևեկման մեջ են, և պահպանվում են կանոնները: Մինչև ոստիկանները կբացեն խցանումը, մենք այդ ժամանակ դուրս կգանք»:

Ոստիկանները, ի տարբերություն նախորդ ավտոերթերի, այսօր ավելի հանդուրժող գտնվեցին ու չխոչընդոտեցին ակցիայի ընթացքը: Հիշեցնենք, որ նախկինում նրանք մի դեպքում պարզապես փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը, մյուս դեպքում՝ գրի էին առնում մասնակիցների ավտոմեքենաների պետհամարանիշները:

«Ոստիկանների կողմից այսօր ես ոչ մի վատ վերաբերմունք մեր նկատմամբ չեմ նկատել», - ասաց մի մասնակից:

Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից շնորհակալություն հայտնեց՝ առանց խախտումների, օրինական ավտոերթ իրականացնելու համար: Արշակյանը վստահեցրեց, որ մասնակիցներից ոչ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվի:

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամներից Դավիթ Խաժակյանի և Դավիթ Մուսախանյանն «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի՝ երկխոսության հրավերին, ասացին, որ դա տեղի է ունեցել իրենց տևական պայքարի արդյունքում․ - «Կարծում ենք, որ այդ հայտարարությունը տեղին կլինի իրագործելի համարել միայն Սահմանադրական դատարանի պրոցեսներից հետո, չնայած նրան, որ նախաձեռնությունը բաց է երկխոսության համար»:

Նախաձեռնության անդամները կրկին շեշտեցին, որ թեև մարտի 22-ի հանրահավաքին կմասնակցելու են նաև չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը, իրենց բողոքի ալիքը բացառապես սոցիալական մոտիվացիա ունի:
XS
SM
MD
LG