Մատչելիության հղումներ

Մարտիրոսյան․ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը՝ «ճնշման» հետևանք


Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի իշխանությունը իրավունք չուներ խնդրահարույց տարածքային վեճի մեջ մտնել այն դեպքում, երբ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահի կայքէջում տարածված հաղորդագրության համաձայն Պուտինն ու Սարգսյանը անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ:

«Այս իրավիճակում, երբ նույնիսկ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, ինքը ճանաչում է մեկ այլ խնդրահարույց ինքնավարության ինքնորոշման ինչ-որ տարրեր՝ մեկ այլ պետության կազմի մեջ մտնելը, ես կարծում եմ, նպատակահարմար չէր այս պահին Հայաստանի կողմից նմանատիպ քայլը: Երբ Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիր առաջացավ, և Հայաստանը պահպանեց իր չեզոքությունը, առավել ևս հիմա ինքը պետք է փորձեր պահպանել այդ չեզոքությունը, բայց քանի որ այլևս դիմադրողականություն չունի արտաքին հարցերի հետ կապված, հատկապես Ռուսաստանի հետ կապված այդ դիմադրողականությունը գրեթե զրոյի է հավասարվել, արդեն իսկ պարզ է, որ այդ ճնշմանը տուրք է տվել և նմանատիպ հայտարարություն է արել», - մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյան - Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական կայքէջը որևէ մանրամասն չի հրապարակել և սահմանափակվել է մեկ նախադասությամբ, թե՝ նախագահները մտքեր են փոխանակել Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը միացնելու մասին:

Նկատենք, որ ավելի վաղ կրկին սեփական նախաձեռնությամբ, Պուտինի հետ հեռախոսազրույցներ էին ունեցել Մաքսային միության անդամ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները:

Կրեմլի պաշտոնական կայքէջում նշվում է, որ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը ընդգծել են հանրաքվեի կազմակերպվածության բարձր մակարդակը, գոհունակություն հայտնել այն կապակցությամբ, որ թերակղզու բնակչությանը ազատ կամարտահայտման հնարավորություն է ընձեռվել Ղրիմի բնակիչների համար սկզբունքային կարևորություն ունեցող հարցի կապակցությամբ: Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի և Պուտինի հեռախոսազրույցին, ապա Կրեմլի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ընդգծվել է Ղրիմի բնակչության «գործնականում միաձայն կամարտահայտման միջոցով» կայացած՝ Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման կարևորությունը և պատմական նշանակությունը: Թե ինչու Սերժ Սարգսյան - Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին Կրմելը իր կայքում մանրամասներ չի հրապարակել՝ պարզ չէ:

Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե սա իրեն հիշեցնում է Ռուսաստանի մարզային ղեկավարներից մեկի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը կամաց-կամաց իր սուվերենությունը, ինքնուրույն որոշում ընդունելու կարողությունը կորցնում է», - մեկնաբանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Նշենք, որ Ղրիմի ինքնորոշման և Ռուսաստանին միանալու գործընթացի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետները տարբերվում են: Եթե «Ժառանգության» փոխնախագահը կարծում է, որ ազգերի կամարտահայտությունը լինում է ազատ պայմաններում, և ոչ թե տանկերի և զրահատեխնիկայի անմիջական մասնակցությամբ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխանախագահ Լևոն Զուրաբյանը հետևյալ համոզմանն է․ - «Անկախ այն պայմաններից որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն»:

Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյան

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին հարցրեցեինք, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ՀԱԿ-ը ճանաչում է Ղրիմի ինքնորոշումն ու միացումը Ռուսաստանին:

«Դա պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը, դա պետք է որոշի Ղրիմի ժողովուրդը: Բնականաբար ինքնորոշման սկզբունքը մեզ համար առանցքային նշանակություն ունի, և այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, հնարավոր չէ անտեսել», - պատասխանեց Կարապետյանը:

Արձագանքելով մեր հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ ՀԱԿ-ի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումները այս հարցում համընկնում են, քանի որ նա ևս խոսում է ազատ կամարտահայտման միջոցով Ղրիմի ինքնորոշման մասին, Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե Սարգսյանը փաստացի ճանաչել է Ղրիմի ինքնորոշման կամարտահայտությունը ազատ և միջազգային իրավական նորմերին համաձայն, մինչդեռ ՀԱԿ-ը համարում է, որ կամարտահայտություն է տեղի ունեցել և դա չի կարող անտեսվել միջազգային հանրության կողմից: Մեր հարցին՝ այսինքն, իրենց մեկնաբանությամբ, Սերժ Սարգսյանը այս հայտարարությամբ ճանաչե՞լ է Ղրիմի ինքնորոշումը և Ռուսաստանի կազմ մտնելու փաստը, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես էլ չեմ ընկալել և կսպասեմ հերքմանը: Եթե հերքում չլինի, ապա աշխարհն էլ նման մեկնաբանություն է տալու և Միացյալ Նահանգների դեսպանի այսօր արտահայտած ափսոսանքն էլ դրա վկայությունն է»:

Տիգրան Ուկրիխանյան

Տիգրան Ուկրիխանյան

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանն» առայժմ հստակ դիրքորոշում չի հայտնում Ղրիմի շուրջ՝ պատճառաբանելով, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ներքին լրջագույն ծայրահեղ սուր կերպով առկախված խնդիրների պատճառով իր գործունեության մեջ առաջնայնությունը տալիս է ներքին հարցերի քննարկմանը, և քանի որ այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել, ես կարող եմ ընդամենը իմ անձնական տեսակետը հնչեցնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ուրիխանյանը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն ԲՀԿ-ն չունի՞ դիրքորոշում, Ուկրիխանյանը արձագանքեց․ - «Ես չասացի ԲՀԿ-ն չունի դիրքորոշում, ես ասացի՝ քննարկում չի եղել»:
XS
SM
MD
LG