Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը՝ «ընդդեմ ռուսական ագրեսիայի»


ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Լեհաստան և բալթյան երկրներ կատարած տարածաշրջանային երկօրյա այցի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ աջակցությունն ու հավատարմությունը, քանի որ Ռուսաստանին սահմանամերձ այդ տարածաշրջանում անհանգստություն և մտահոգություն կա կապված Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու հետ:

Այսօր Վիլնյուսում նա հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրուբաուսկայտեի և Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինսի հետ:

Լիտվայի նախագահի հետ համատեղ ասուլիսում ԱՄՆ-ի փոխնախագահը հայտարարել է․ - «Ես ցանկանում եմ հստակորեն նշել, որ մենք վճռական կանգնած ենք մեր բալթյան գործընկերների հետ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար ընդդեմ ռուսական ագրեսիայի: Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է մութ ճանապարհը, նրանց քաղաքական ու տնտեսական մեկուսացումը ավելի խիստ կլինի:

ԱՄՆ-ի փոխնախագահը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կպատասխանի դաշինքի որևէ անդամի դեմ ցանկացած ագրեսիայի:

«Բալթյան երկրներ իմ այցելության նպատակն է՝ վերահաստատել հավաքական անվտանգության մեր փոխադարձ պարտավորությունները: Նախագահ Օբաման ցանկացավ, որ ես գամ և անձամբ հստակ նշեմ, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն մենք կպատասխանենք դաշինքի անդամ որևէ երկրի դեմ ցանկացած ագրեսիային», - ասել է Բայդենը:

Նա նաև հավել է, որ Ուելսում առաջիկայում անցկացվելիք ՆԱՏՕ—ի գագաթաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դաշինքի անդամներին կվստահեցնի այդ մասին:

Լիտվայի նախագահ Դալիա Գրուբաուսկայտեն ասել է, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները ուղղակի սպառնալիքներ են պարունակում տարածաշրջանի համար և որ պետք է միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքներից պաշտպանվելու համար:

«Մենք խստորեն դատապարտում ենք ինքնիշխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները», - հավելել է նա, - «Այսպես կոչված՝ հանրաքվեն Ուկրաինայի սահմանադրության, միջազգային օրենքի ու ՄԱԿ-ի կանանադրության խախտում է»:

Բայդենը այսօր Վիլնյուս է ժամանել Վարշավայից, որտեղ երեկ հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկի և Էստոնիայի նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսի հետ:

Լեհաստանի վարչապետ Թուսկը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը կոչել է սադրանք ամբողջ ազատ աշխարհի համար:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, այսօր Լոնդոնում ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց, թե Ղրիմի հանրաքվեն անօրինակ է և լեգիտիմ չէ: Դեյվիդ Քեմերոնը նաև կարծիք հայտնեց, որ նման քայլերը շարունակելու դեպքում պետք է քննարկել Ռուսաստանին մեծ ութնյակի մշտական անդամությունից հեռացնելու հարցը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել շուտափույթ ԵԱՀԿ առաքելություն ուղարկել Ուկրաինա:

«Մենք ընդունակ կլինենք վերահսկողության տակ պահել, եթե իրավիճակին հետևենք տեղից օբյեկտիվ գնահատականների միջոցով», - ասել է Շտայնմայերը այսօր Բեռլինում կայացած ասուլիսում:

Արևմուտքը գտնում է, որ առաքելության շրջանակներում պետք է ընդգրկվի նաև Ղրիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG