Մատչելիության հղումներ

logo-print

ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող գյուղացիները կրկին փակեցին մայրուղին


Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչներն այսօր արդեն երկրորդ անգամ փակեցին Ապարան - Աշտարակ միջպետական նշանակության մայրուղին, ինչից հետո միայն կարողացան հանդիպել փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին:

Գևորգյանը ժամեր շարունակ երթևեկությունը կաթվածահար արած գյուղացիներին խոստացավ, թե խնդրի շուրջ ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում է Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, ուրբաթ օրը հստակ պատասխան կտա՝ կկառուցվի՞ այս տարածքում ՀԷԿ-ը, թե՞ ոչ:

Ցուցարարներին, սակայն, դա չգոհացրեց․ նրանք ասում էին, թե իրենք երևանցի պաշտոնյաներից ավելի լավ գիտեն, թե ինչ վնաս կարող է տալ ՀԷԿ-ի կառուցումը իրենց այգիներին:

«Հիմա ես առաջարկում եմ, որպեսզի դուք երկու օր էլ համբերեք: Նախ, այնտեղ ոչ մի շինարարություն չի լինելու, բացառվում է: Ես արգելել եմ: Մինչև չնստենք, իրար հետ որոշենք», - գյուղացիներին ասաց փոխվարչապետը:

«Այս համայնքը ձեզ համար հանձնաժողով չի՞, քսան հազար բնակչություն ունեցողը», - վրդովված արձագանքեց բողոքող գյուղացիներից մեկը: - «Դուք խի՞ եք անտեսում այս քսան հազար բնակչությունը»:

Մինչև փոխվարչապետի գալը ոստիկանները գյուղացիներին հորդորում էին բացել մայրուղին, սակայն վերջիններս անսասան էին: Չնահանջեցին անգամ ոստիկանների հետ փոքրիկ բախումից հետո:

Ցուցարարներն ասում էին, որ հոգնել են խոսքերից ու խոստումներից, պահանջում են հստակ քայլեր, մասնավորապես՝ դուրս բերել շինարարական տեխնիկան: Հակառակ դեպքում սպառնում էին սեփական ուժերով լցնել շինհրապարակում փորված փոսը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը գյուղացիներին ասաց, թե այս պահին դադարեցվել է արագահոսի կառուցումը, իսկ ՀԷԿ-ը կկառուցվի միայն կառավարական հանձնաժողովի համապատասխան որոշման դեպքում:

Գյուղացիներին դա չգոհացրեց․ - «Ի՞նչ կապ ունի հանձնաժողովը․․․ Որ դու մեր ձեռից մեր երեխեքի, թոռների հացը կտրում ես, տանում ես տալիս միլիարդատերին, ինձ սոված թողնում»։

Ի պատասխան մարզպետը հավաստիացրեց, թե թույլ չի տա, որ գյուղացու ոռոգման ջրի հաշվին ինչ-որ արտադրություն ստեղծի: Գյուղացիները, այդուհանդերձ, թերահավատությամբ ընդունեցին այդ հավաստիացումները:

«Ազատության» հետ զրույցներում գյուղացիներն ասացին, որ եթե խնդիրը չլուծվի մինչև շաբաթ օրը, իրենք ոտքով գալու են Երևան:

Այսօր առաջին անգամ բողոքի ցույցերին մասնակցում էին նաև նշված գյուղերի կանայք ու երեխաները:
XS
SM
MD
LG