Մատչելիության հղումներ

logo-print
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի «Լիր արքա» ներկայացմամբ այսօր մեկնարկում է Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը՝ իր նպաստը բերելով աշխարհով մեկ նշվող հանճարեղ անգլիացու 450-ամյակին նվիրված միջոցառումներին:

Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսարը», Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի «Ջոն արքան» և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի «Լիր արքան»:

Փառատոնի շրջանակներում Չարենցի անվան Գրանակության և արվեստի թանգարանում վաղը կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, որին կհետևի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներով» միջազգային գիտաժողովի մեկնարկը:

Հայաստանյան այս փառատոնին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել եվրոպական մի շարք երկրների շեքսպիրյան փառատոների տնօրեններ Անգլիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Ռումինիայից, Դանիայից և Իսպանիայից:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այս անգամ որոշել հայկական ներկայացումները ցուցադրել փառատոնների տնօրեններին․ - «Որպեսզի հնարավորություն տանք մեր թատերական գործիչներին, ովքեր բեմադրում են Շեքսպիր, բեմադրել են Շեքսպիր և պատրաստվում են բեմադրել, հնարավորություն տանք, որպեսզի կապեր ստեղծվեն, կամուրջներ ստեղծվեն: Վերջին հաշվով, ես դա համարում եմ մեր փառատոնի գլխավոր նպատակը, որպեսզի հայ թատրոնը հնարավորինս դուրս գա Հայաստանի սահմաններից: Մեր փառատոնը արդեն պատճառ է դարձել, որ չորս անգամ մեր թատրոնները մեկնել են շեքսպիրյան փառատոների»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու այս տարի փառատոնի ծրագիրը կազմել են միայն հայաստանյան ներկայացումները, Ղազանչյանն ասաց․ - «Այս տարի դրսից թատերախմբեր չկան: Դրա համար մենք մեր փառատոնը բաժանեցին երկու մասի: Հիմնական՝ միջազգային մասը մենք կիրականացնենք աշնանը, իսկ այս հատվածը մենք անվանում ենք «Շեքսպիրյան օրեր»: Կարծում եմ, որ այնքան էլ տարօրինակ չէ սա, որովհետև ամբողջ աշխարհը տարին անվանում է շեքսպիրյան տարի՝ այս տարի Շեքսպիրի ծննդյան 450-ամյակն է, և դա մեզ հնարավորություն կտա, որպեսզի մենք երկու անգամ անդրադառնանք Մեծ անգլիացու տարելիցին»:
XS
SM
MD
LG