Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի համար հիմք են հանդիսացել բուհում հայտնաբերված չարաշահումները:

Այս մասին այսօր «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը:

Մկրտչյանը հավելեց, որ ստուգումներ իրականացնելու խնդրանքով նախագահին էին դիմել բուհի մոտ 280 դասախոսներ՝ խնդրելով պարզել, թե որքանով է արդյունավետ նոր ռեկտորի քաղաքականությունը: Նա չմանրամասնեց, թե ինչ չարաշահումներ են հայտնաբերվել ստուգումների արդյունքում՝ ասելով, որ փաստերն ուղարկվել են Կրթության և գիտության նախարարություն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մինչդեռ, չարաշահում բառը չի օգտագործում: Այսօր անդրադառնալով թեմային՝ նա պարզապես ասել է, թե «չկա հիմնարկ, որտեղ խնդիրներ չլինեն» և հավելել, որ Արա Ավետիսյանը շարունակում է մնալ կրթության և գիտության համակարգում, դասախոսում է ԵՊՀ-ում: Հայտնաբերված չարաշահումների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդում նաև իրավապահ համակարգում․ Ոստիկանությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ հարուցված քրեական գործ դեռևս չկա:

Փոխարենը ԵՊՃՀ-ի հետ կապված մեկ այլ գործ կա Հատուկ քնչական ծառայությում՝ 2013-ին հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ (գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1 կետով և 315 հոդվածի 2 մասի հատկանիշներով): Ըստ այս գործի նյութերի, համալսարանի որոշ աշխատակիցներ 2012-ի մարտին ապօրինաբար վաճառել են բուհին ամրակցված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 18 մլն դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը: ՀՔԾ-ում, սակայն, խուսափեցին այս գործը կապել այդ տարիներին բուհը ղեկավարած Արա Ավետիսյանի հրաժարականի հետ՝ նշելով, որ այս պահին ընթանում է նախաքննություն:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, մինչդեռ, ուշագրավ է համարում, որ հայտնաբերված չարաշահումների արդյուքնում, ռեկտորը ի վերջո ոչ թե պաշտոնանկ է արվել, այլ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

«Եթե հայտնաբերվել են խախտումներ, ապա խնդիրը պետք է լուծվեր ոչ թե սեփական դիմումով ազատվելու տարբերակով, այլ պաշտոնանկության տարբերակով: Իրավապահ մարմինները պետք է շատ լուրջ զբաղվեն այս հարցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարուժան Հոկտանյանը:

Արդեն նախկին ռեկտորի հետ կապվել առայժմ չի հաջողվում․ նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Իրավապաշտպանները, սակայն, այս գործի բացահայտման հետ մեծ հույսեր չեն կապում:

Ճարտարագիտականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
XS
SM
MD
LG