Մատչելիության հղումներ

logo-print

Այս գիշեր 73 տարեկան հասակում մահացել է հայտնի քանդակագործ Արա Շիրազը։

Մեր լավագույն արվեստագետներից մեկի մահվան բոթը չափազանց մեծ հարված է նրա ընտանիքի, հարազատների, մտերիմների ու գործընկերների համար, նրա արվեստի բոլոր երկրպագուների համար:

Նա բազմաթիվ հիանալի քանդակների հեղինակ է՝ 60-ականների «ձնհալի» շունչը վայելած ու մինչև կյանքի վերջն ազատության մեջ ապրած: Իր հորից՝ Հովհաննես Շիրազից, ու մորից՝ Սիլվա Կապուտիկյանից, ժառանգել էր հզոր ներաշխարհ՝ դառնալով հրաշալի արվեստագետ:

«Մեծ կորուստ է ընդհանրապես Հայաստան աշխարհի համար: Հրաշալի մարդ, արձանագործ․․․ Միակ մխիթարանքն է իր գործերը, որոնք զարդարում են մեր հանրապետությունը, և քանի ծաղկում է Հայաստանը, կծաղկի և Արա Շիրազի արվեստը», - «Ազատության» հետ զրույցում ասաց գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:

«Ես միշտ Արա Շիրազին նայել եմ որպես ավագ ընկեր, որից շատ բան եմ սովորել, մանավանդ՝ իր արվեստից», - ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: - «Շատ եմ ափսոսում, որ մեզնից հեռանում են մարդիկ, որոնք ստեղծում էին Հայաստանում մշակութային հզոր դաշտ․․․ Այն հետքը, որ թողել է Արա Շիրազը, արդեն մնաց հայ կերպարվեստի պատմության մեջ»:

Գեղանկարիչ Համլետ Ասատրյան․ - «Մեծ, տաղանդավոր արվեստագետ էր: Ափսոսանքս հայտնում և փշաքաղվում եմ: Մեծագույն ու հրաշալի այր հայոց»:

Արա Շիրազը բազմաթիվ մոնումենտալ, դեկորատիվ գործերի հեղինակ է, այդ թվում՝ Անդրանիկ Օզանյանի, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի, Վազգեն Սարգսյանի քանդակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG