Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկել է իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին և Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ նախադեպ։

«Դրանով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին̀ պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ: Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը և պատգամավորական խումբը տեղին են համարում հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով այդ պահին դեռևս գործող Խորհրդային Միության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը և հանրաքվեի միջոցով իր վճռական խոսքն ասաց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչը վերահաստատվեց 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով»,- ասված է հայտարարությունում։

ԼՂ ԱԺ խմբակցությունները և պատգամավորական խումբը, հաշվի առնելով անկախության հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի, Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու դառը փորձը, կոչ են անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով, փոխադարձ հարգանքի հիման վրա:

Այս հայտարարությունը ստորագրել են ԼՂ ԱԺ «Հայրենիք» «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG