Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով Եվրոպայում երկրորդ տեղում է


Ռազմական շքերթ Բաքվում, 21-ը հունիսի, 2013

Ռազմական շքերթ Բաքվում, 21-ը հունիսի, 2013

2009-2013 թվականներին աշխարհում ներկրված սպառազինությունների 1.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ Սա է վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույցը աշխարհում զենքի առևտրի ծավալների վերաբերյալ:

Ըստ այդ զեկույցի՝ Եվրոպայում Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով երկրորդ տեղում է և փոքր-ինչ է զիջում Մեծ Բրիտանիային: Եթե վերջին չորս տարիներին Եվրոպա ներկրված զենքի ավելի քան 12 տոկոսը Մեծ Բրիտանիա է գնացել, ապա մոտ 12 տոկոսը ուղևորվել է Ադրբեջան:

2009-2013 թվականների կտրվածքով Ադրբեջանը19-րդն է սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ներմուծման առումով, մինչդեռ 2004-2008 թվականներին միայն 49-րդն էր: Վերջին տարիներին այդ երկիրը գրեթե չորս անգամ կամ 378 տոկոսով ավելացրել է զենքի ներմուծման ծավալները:

Սովորական սպառազինությունների հիմնական տեսակները Ադրբեջանը ներկրել է յոթ երկրներից, որոնցից երկուսը Մաքսային Միության անդամ են. այդ երկրներն են` Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Միացյալ Նահանգները:

Վերջին չորս տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, այդ թվում` երկու «S- 300» տիպի հրթիռային համակարգ, 94 «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա և այլ ծանր զրահատեխնիկա: Բելառուսից Ադրբեջանը գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ և 93 «T-72M1» տանկ: Ուկրաինայից Ադրբեջանը գնել է երկու « MiG-29» ռազմական ինքնաթիռ և 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ:

Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, բացի այդ 2011-ին Ադրբեջանը պայմանագիր է կնքել իսրայելական կազմակերպությունների հետ ռադարներ, հրթիռային համակարգեր և ափամերձ պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:

Եթե գումարենք տարբեր երկրներից Ադրբեջանի ձեռքբերած զինտեխնիկան, ապա ստացվում է, որ 2009-2013 թվականներին Ադրբեջանը գնել է ընդհանուր առմամբ 187 տանկ, 32 ուղղաթիռ, 27 ինքնաթիռ, երկու «S-300» հրթիռային համակարգ, շուրջ 100 զրահամեքենա:

Աշխարհում զենքի միջազգային առևտրի ծավալներն աճել են

Զեկույցի համաձայն՝ 2009-2013 թվականներին աշխարհում զենքի միջազգային առևտրի ընդհանուր ծավալն աճել է 14 տոկոսով:

Զենքի խոշորագույն մատակարարներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանն ու Ֆրանսիան: Այս հինգ պետություններին բաժին է ընկնում զենքի մատակարարման 74 տոկոսը: Աշխարհում արտահանվող զենքի կեսից ավելին` 56 տոկոսը, մատակարարում են միայն երկու երկիր` Միացյալ Նախագահներն Ռուսաստանը:

Զենքի հիմնական մատակարարների հնգյակում Գերմանիան և Ֆրանսիան այն երկրներն են, որ վերջին տարիներին կրճատել են արտահանման ծավալները: Գերմանիան 2004- 2008 քառամյակի համեմատությամբ զենքի վաճառքի ծավալները կրճատել է 24 տոկոսով, ու չնայած դրան` աշխարհում երրորդ խոշոր մատակարարն է Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից հետո: Ֆրանսիան զենքի վաճառքը կրճատել է 30 տոկոսով և եզրափակում է հնգյակը:

Զինամթերք ներմուծող հիմնական երկրները 2009-2013-ին եղել են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները և Սաուդյան Արաբիան: Զեկույցում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Պարսից ծոցի երկրները վերջին տարիներին 23 տոկոսով ավելացրել են զենքի ձեռքբերման ծավալները, իսկ Սաուդյան Արաբիան զենք գնող երկրների ցանկում բարձրացել է և հաստատվել է 18-րդ տեղում:

Եվրոպայում ընդհանուր առմամբ 2009–2013 թվականներին զենքի ներմուծումը 25 տոկոսով նվազել է, Միացյալ Թագավորությունը ամենախոշոր ներմուծողն է, որին բաժին է ընկնում Եվրոպա մտնող զենքի ավելի քան 12 տոկոսը, մոտ 12 տոկոսով Բրիտանիային հաջորդում է Ադրբեջանը, այնուհետև Հունաստանն է՝ 11 տոկոսով:

Զեկույցը մի ուշագրավ հանգամանք է նշում. շատ եվրոպական երկրներ հրաժարվում են նոր զինտեխնիկա գնել` բավարարվելով արդեն օգտագործված ավելի էժան տարբերակներով:

Ռուսաստան

Ռուսաստանը 2009-2013 թվականներին 28 տոկոսով ավելացրել է զենքի վաճառքի ծավալները՝ 2004-2008 ժամանակահատվածի համեմատությամբ և սպառազինություններ է արտահանել աշխարհի 52 երկրներ, սակայն ռուսական զենքի կեսից ավելին ուղարկվել է միայն երեք երկիր` Հնդկաստան, Չինաստան և Ալժիր:

Չինաստանը խոշոր խաղացող է ինչպես զենքի արտահանման, այնպես էլ ներկրման շուկայում, ընդ որում վերջին չորս տարիների ընթացքում Չինաստանը հսկայական առաջընթաց է ունեցել արտահանման ոլորտում` երեք անգամ ավելացնելով իր կողմից վաճառվող զենքի ծավալները:

Եթե 2004-2008 թվականներին Չինաստանը աշխարհում սպառազինությունների արտահանման երկու տոկոսն էր ապահովում, ապա 2009-2013 թվականներին այդ ցուցանիշը դարձել է 6 տոկոս:

Փոխարենը` Չինաստանը 2009- 2013 թվականներին զգալի կրճատել է ներմուծումը: Եթե 2004 -2008 թվականին Չինաստանն էր ներմուծման առումով աշխարհում առաջատարը և աշխարհում սպառազինությունների ներմուծման 11 տոկոսը հենց այդ երկրին էր բաժին ընկնում, ապա 2009-2013 թվականին Չինաստանը երկրորդն է հինգ տոկոս ցուցանիշով և առաջին տեղը զիջել է Հնդկաստանին:

Հնդկաստանը այժմ ներմուծում է աշխահի սպառազինությունների 14 տոկոսը և նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ կրկնակի ավելացրել է զենքի ներկրումը։
XS
SM
MD
LG