Մատչելիության հղումներ

ԼՂ-ն Ղրիմի հանրաքվեն դիտարկում է որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում»,- ասված է ԼՂ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:

«Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է: ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով»,- հայտարարում է Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը։

Ղրիմում կիրակի օրը անցկացված հանրաքվեի մասնակիցների 96.8 տոկոսը հավանություն է տվել Ռուսաստանին միանալու առաջարկին։

Ղրիմյան հանրաքվեին է անդրադարձել Լեռնային Ղարաբաղի «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիրը։

Խմբագիրը «Խեղաթյուրված չափանիշներ կամ ինչու պետք է Ռուսաստանը հետևողական լինի» վերնագրի ներքո գրում է.- «Մենք հիմա չենք խոսի այն մասին օրինական է, թե՝ ոչ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու որոշումը։ Եթե խնդիրը դիտարկենք միջազգային իրավունքի պարտադիր սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի լույսի տակ, ապա որոշ վերապահումներով կարելի է պնդել, որ Ղրիմի ինքնավարության նման քայլը չի հակասում ՄԱԿ-ի կանոնադրության նորմերին։ Այդ իրավունքի հիման վրա նրանք ազատ որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը։ Հարցն այլ բանի մեջ է, այն է միջազգային իրավակիրառման պրակտիկայի։ Ահա այստեղ էլ հանգում ես այն տհաճ մտքին, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունեցել միջազգային իրավունքի որոշակի էրոզիա։ Այսօր, լսելով ռուսական կողմի՝ Ղրիմի Գերագույն խորհրդի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշման օգտին փաստարկները, դեժավյուի, ասել է թե՝ անցյալի կրկնության զգացում ես վերապրում։ Մեր անցյալի։ Այդուհանդերձ, նաև թախիծ ու ափսոսանք ես զգում։ Քանզի ավելի քան 20 տարի առաջ Ղարաբաղն առդիմել է միջազգային իրավունքի նույն սկզբունքներին ու նորմերին, որոնց այսօր հղում է Ռուսաստանն իր քաղաքական հակառակորդներին։ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարները ճանաչել են Ղրիմի բնակիչների ինքնորոշման իրավունքը։ Համաձայնենք, Ռուսաստանի համար բավական ոչ պատվաբեր իրավիճակ է ստեղծվում՝ իր քաղաքական հակառակորդներին այսօր մեղադրելով երկակի չափանիշների օգտագործման մեջ, Ռուսաստանն ինքը երեկ, ըստ էության, նույն սխալն էր անում։ Արդյո՞ք նա դաս կքաղի դրանից։ Ենթադրում ենք, էթնիկաքաղաքական հակամարտությունների լուծման դեպքում պետք է համընդգրկուն մոտեցում կիրառվի և նույն Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է հետևողական լինի՝ որպես հիմք ընդունելով իր կողմից Ղրիմի դեպքում հայտարարված հիմնական սկզբունքը՝ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG