Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակայինի դեմ բողոքում են նաև երիտասարդ գիտնականները


Գիտությունների Ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողներն այսօր հավաքվել էին Ակադեմիայի նախագահության շենքի մոտ։

Այս ամիս պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ են արվել նաև ակադեմիայի համակարգում: Երիտասարդ գիտնականները բողոք-նամակն են գրել ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

«Հայտնում ենք Ձեզ մեր մտահոգությունը և անհամաձայնությունը կենսաթոշակային վճարումները գանձելու որոշման վերաբերյալ, խնդրում և պահանջում ենք այդ հարցը քննարկել և բողոքարկել պատկան մարմիններում հնարավոր բոլոր առիթներով և նախազգուշացնել, որ ակադեմիայի երիտասարդների գերակշռող մասը խիստ բացասաբար են վերաբերվում այդ օրենքի կիրառմանը և պատրաստ են օրինական ճանապարհով արտահայտել իրենց բողոքը, պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները և ազատությունները», - ասված է նամակում:

Երիտասարդ գիտաշխատողներն «Ազատության» հետ զրույցում ասում են, որ առանց այդ էլ չնչին աշխատավարձ են ստանում, գիտության ֆինանսավորման հարցերն էլ լուծված չեն: Նաև հավելում են, որ նույնիսկ 5-6 000 դրամ պահումները մեծ հարված են հասցնելու իրենց գրպաններին՝ ընդհուպ զրկելով կենցաղային ամենօրյա մի շարք խնդիրները լուծելու հնարավորությունից։

«Գազտնիք չէ, որ ԳԱԱ-ի ինստիտուտներում աշխատավարձերն էականորեն ցածր են և դրանից ևս 5 տոկոս պահելը բավական խոցելի է այդ խավի համար։ Գիտեք, երբ մարդ ստանում է բավական բարձր աշխատավարձ՝ մեկ միլիոն դրամ ենթադրենք, այդ դեպքում 100 000 դրամ պահումը էդքան ազդեցություն չի ունենում, ինչքան, երբ 100 000 դրամ ես ստանում ու դրանից 5-6 000 պահում են, որովհետև էդ 100 000-ի դեպքում դա այն գումարն է, որ այսպես զոռով, մի կերպ հացի խնդիր ես լուծում։ Հաշվի չեն առնում մարդկանց սոցիալական վիճակը», - ասում են ակցիայի մասնակիցները։

Երիտասարդները նշում են, որ նման իրավիճակում Հայաստանում գիտությամբ զբաղվելու շահագրգռվածությունը ուղղակի մարելու է, իսկ որպես հետևանք նշում են ուղեղների արտահոսքի ավելացումը։

«Երիտասարդ մասնագետների ներգրավման խնդիր ունենալով, երիտասարդ մասնագետների արտահոսքի խնդիր ունենալով` այսպիսի օրենք ընդունելը համարում եմ, որ ճիշտ չէ։ Մի շարք երկրներում գիտությամբ զբաղվողների համար արտոնյալ պայմաններ են ստեղծվում, արտոնյալ հարկային պայմաններ, իսկ մեզ մոտ փոխանակ այնպիսի միջավայր ստեղծեն, որ գիտությամբ զբաղվելն ավելի գրավիչ լինի, եկամտաբեր լինի, որ այդ ճյուղը զարգանա, հակառակը՝ լրացուցիչ բեռ է ավելացնում», - ասում է գիտաշխատողներից մեկը։

Մեկ այլ մասնակից էլ հավելում է. - «Ինքս արտագաղթելու կողմնակից չեմ, չեմ էլ ուզում ուրիշ ոլորտ տեղափոխվել, բայց դե ամեն ինչ դրան է տանում։ Մեր ապագայի մասին մտածելը սին խոստումներն են, որովհետև այսօր մեր ներկան է վտանգված»։

Թեև ակադեմիայում նախապես պնդում էին, թե նախագահը տեղում չէ, և նամակն էլ հանձնվեց ընդհանուր բաժին` Մարտիրոսյանին փոխանցելու նպատակով, լրագրողներին այդուհանդերձ հաժողվեց հանդիպել ԳԱԱ նախագահին:

Նա ասաց, թե չի ճանաչում բողոքողներին. - «Ես այստեղից նայում էի ծանոթ որևէ երիտասարդ գիտնական չտեսա»:

«Ազատության» հարցին, թե ովքեր են այդ երիտասարդները, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Չգիտեմ, չգիտեմ ովքեր են։ էդ արդեն դուք կարող եք պարզել, թե ովքեր են այդտեղ։ Ակադեմիայի համակարգում մոտ 25-30 տոկոսը երիտասարդ գիտնականներ են, նրանցից շատերին ես ճանաչում եմ, ես մեկին չտեսա այնտեղ իմ ճանաչածներից։ Բայց չեմ կարող պնդել, որ նրանցից ոչ մեկը մեր համակարգում չի աշխատում»։

Ցուցարարները Մարտիրոսյանի այս պատասխանը տարօրինակ համարեցին. - «Ակադեմիան տասնյակ ինստիտուտներ ունի և այդ ինստիտուտներում տասնյակ գիտաշխատողներ, ինքը բոլորին դեմքով ճանաչո՞ւմ է։ Բացի դրանից ստորագրություններով բոլորը ներկայացված են անուն ազգանունով, ոչ մի թաքցնելու բան չկա»։

Մարտիրոսյանը, այդուհանդերձ, խոստացավ նամակն ընթերցել ու հնարավորության դեպքում պահանջներին աջակցել։

Երիտասարդ գիտնականները նույնաբովանդակ նամակ հանձնեցին նաև Սահմանադրական դատարան։ Այնտեղ էլ ասացին, թե նման դեպքերում ըստ ընթացակարգի պատասխանում են եռօրյա ժամկետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG