Մատչելիության հղումներ

Վաղը` մարտի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ուղերձով կդիմի Դաշնային խորհրդին, իսկ Պետդուման մինչև նախագահի ուղերձը հայտարարություն կընդունի Ղրիմի վերաբերյալ:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Իվան Մելնիկովի փոխանցմամբ` Պետդումայի չորս ֆրակցիաներն արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ Ռուսաստանը ներառելու է Ղրիմը իր կազմի մեջ: Մեկնաբան Վադիմ Դուբնովի խոսքով` դա ակնհայտ է, և պրոցեսը շատ արագ կընթանա:

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ընդհանուր առմամբ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ ինտեգրելու համար Կրեմլը մեկ տարում կծախսի առվազն երեք միլիարդ դոլար:

Վլադիմիր Պուտինը երեկ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում արդեն հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն ամբողջովին համապատասխանում է միջազգային նորմերին: Իսկ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին չի բացառել, որ նույն սցենարը հնարավոր կլինի նաև Ուկրաինայի արևելքում:

Արևմուտքում շարունակում են խոսել պատժամիջոցների մասին, այդ թվում ռուսաստանցի պաշտոնյաների «սև ցուցակի» մասին, որում ներառված են, ըստ որոշ լրատվամիջոցների, «Գազպրոմ»-ի և «Ռոսնեվտ»-ի ղեկավարների անունները:

Լիբերալ բլոգերները գրում են, թե ռուսաստանցիներն այսօր արթնացել են բոլորովին այլ երկրում` մտավախություն հայտնելով, որ կտրուկ կվատանա իրավիճակը խոսքի ազատության հետ կապված:

Վադիմ Դուբնովն ասում է, որ ստեղծվել է բոլորին նոր իրավիճակ. երկիրը վերադարձել է տոտալիտարիզմի. - «Սովետական Միության 30-ական թվականներին է վերադարձել: Նույնիսկ բրեժնևյան ժամանակներում բնակչությունն իրավունք ուներ չհավատալ այն ամենին, ինչ ասում էին»:

Անդրադառնալով հետխորհրդային երկրիների վերաբերմունքին Ռուսաստանի հանդեպ` Դուբնովն ասաց, թե այն այլևս ուրիշ է լինելու. - «Եթե նախկինում Ռուսաստանից վախենում էին, որովհետև տեսականորեն ենթադրում էին, որ Կրեմլը կարող է ցանկացած միջոցների դիմել իր ուզածին հասնելու համար, այսօր արդեն կա դրա օրինակը»:
XS
SM
MD
LG