Մատչելիության հղումներ

Հայաստանը չի հստակեցնում իր դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի հարցում


Հայաստանը չի հստակեցնում իր դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի հարցում
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

«Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե Ղրիմի հանրաքվեից հետո ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանը Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ:

Հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, արտգործնախարարը պատասխանել է. - «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի սեփական հողի վրա ապրելու և արարելու, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի ապահովման գերակայությանը։ Եռանախագահող երկրների հետ, մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»։

Այնուամենայնիվ, նախարար Նալբանդյանը չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից (ՀՀԿ) նույնպես հետաքրքրվեցինք, թե արդյոք ճանաչելու է պաշտոնական Երևանը ղրիմյան հանրաքվեի արդյունքները:

«Խնդիրը պետք է դիտարկվի շահագրգիռ բոլոր կողմերի բանակցային գործընթացներում, և ես վստահ եմ, որ այդ անցումները և բոլոր զարգացումները, որ տեղի կունենան Արևելյան գործընկերության տարածքում, Ուկրաինայի շուրջ, դրանք կլինեն միջազգային հանրության, շահագրգիռ կողմերի, պետությունների համաձայնության տիրույթում», - պատասխանեց Զաքարյանը:

Փոխարենը, հանրապետական պատգամավորը հստակ նշեց, թե նմանություն չի տեսնում Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի կողմից անկախության հռչակումների միջև. - «Իրականում գոյություն ունեցող բոլոր խնդիրները, հիմնախնդիրները ունեն իրենց տարբերություները, և զուգահեռներ տանել տեղին չէ: Որովհետև դրանք, որպես կանոն, ունենում են տարբեր քաղաքական, տնտեսական, սոցիալական, էթնոմշակութային և պատմական հիմքեր, այդ թվում նաև իրավական»:

«Միջազգային նորմերի համաձայն, չի կարելի ականջալուր չլինել Ղրիմում բնակվող ժողովրդի այս կամ այն դիրքորոշմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը` հավելելով սակայն. - «Գերակա պիտի լինի Ուկրաինայի ժողովրդի որոշումը, նրա կամարտահայտություն, ցանկացած դիրքորոշում, որը կընդունի ամբողջական, հավաքական, գերակշռող մասը Ուկրաինայի ժողովրդի: Ցավոք սրտի, մինչ օրս ամբողջ ժողովրդից առանց հատվածականության, ընդհանուր, հավաքական, ամբողջական դիրքորոշում դեռևս չի արտահայտվել»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը ասաց, թե իրենք «ափսոսում են, որ Ղրիմում տեղի ունեցած ժողովրդի կամարտահայտությունը լարվածություն է առաջացրել միջազգային հանրությունում». - «Առհասարակ նման գործողությունների էֆեկտիվությունը այնքանով բարձր կլինի, որքանով այն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային նորմերին: Եվ այս առումով մենք պետք է նայենք, թե որքանով է իսկապես այդ գործողությունը, որ տեղի ունեցավ երեկ Ղրիմում, համապատասխանում ընդունված կանոններին»:

Եթե Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն էր, որի ներկայացուցիչներից այսօր «Ազատությանը» չհաջողվեց մեկնաբանություն վերցնել ղրիմյանա ճգնաժամի վերաբերյալ, ապա «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը միակն էր, ով այսօր «բռնակցում» բնութագրեց Ռուսաստանի գործողությունները Ղրիմում:

«Մինչև հանրաքվեն ռուսական ստորաբաժանումները պոկել էին արդեն Ղրիմը Ուկրաինայից, և սա ընդամենը եկավ ձևական, իրավական կողմը ապահովելու: Որովհետև փաստ է այն, որ կամարտահայտում ըստ էության այնտեղ տեղի չունեցավ, այլ դա ռազմական բռնակցում եղավ», - նշեց նա:
XS
SM
MD
LG