Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը պնդել է, որ Ղրիմի հանրաքվեն օրինական է


Ռուսաստանի հետ միավորվելու կողմնակիցները հավաքվել են Սևաստոպոլի կենտրոնական հրապարակում, 16 մարտի, 2014թ.

Ռուսաստանի հետ միավորվելու կողմնակիցները հավաքվել են Սևաստոպոլի կենտրոնական հրապարակում, 16 մարտի, 2014թ.

Ուկրաինան, ինչպես նաև միջազգային համայնքը հանրաքվեն ապօրինի են համարում։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այսօրվա հեռախոսազրույցում ասել է, որ Ղրիմը կմիանա Դաշնությանը։ Նա ասել է, որ հանրաքվեն միանգամայն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքին։

Մեկնաբաններից ոչ ոք չէր կասկածում, թե ինչպիսին կլինի հանրաքվեի արդյունքը, քանի որ էթնիկ ռուսները Ղրիմում մեծամասնություն են կազմում։ Արևմուտքը նախապես հայտարարել է, որ այդ հանրաքվեն ապօրինի է, հետևաբար դրա արդյունքը պարզապես չի ճանաչի։

Մոլորակի միակ պաշտոնական ատյանը, որը, տեսականորեն կարող է միջազգային քաղաքական վեճեր լուծել` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Ուկրաինայի հարցով բանաձև չի ընդունել, քանի որ խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը վետո է սահմանել։

Չինաստանը ձեռնպահ է մնացել: Փաստորեն, եթե հաշվի առնենք այն, որ Չինաստանը պաշտոնապես կոչ է արել Ղրիմի հարցը լուծել Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքով, ապա կարող ենք փաստել, որ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը մեկուսացված վիճակում է հայտնվել։ Բայց վետոն վետո է, Մոսկվան իրեն վերապահված իրավունքի շրջանակներում է կիրառել է այդ գործիքը։

Այսօր Պուտինը Մերկելին նաև ասել է, որ իրեն խիստ մտահոգում են Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները։ Այնտեղ, ըստ Պուտինի պնդումների, «արմատական խմբավորումները Կիևի թողտվությամբ սրում են իրավիճակը»։

Ղրիմի ռուսամետ վարչապետ Սերգեյ Ակսենովն այսօր ասել է, որ բնակիչների մասնակցությունը հանրաքվեին շատ բարձր է և որևէ կասկած չկա, որ ամեն բան լավ է ընթանում։

«Ես համոզված եմ, որ Ղրիմի բնակիչներն արդեն ունեն ազատ իրավունք` որոշելու, թե որ երկրում են ուզում ապրել»,- ասել է Ակսենովը։

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեն կայացել է, ըստ քվեարկության հանձնաժողովի ներկայացրած զեկույցի, հանրաքվեին արդեն մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող մեկ և կես միլիոն բնակիչների կեսից ավելին։

ԵԱՀԿ-ն, որը համարվում է ընտրական գործընթացներ դիտարկող առավել հեղինակավոր միջազգային կազմակերպությունը, Ղրիմի հանրաքվեին դիտորդներ չի գործուղել, քանի որ կարող է ընդունել միայն Ուկրաինայի իշխանությունների հրավերը։

«Գերմանիայի ձայն» ռադիոկայանը նշել է, որ հանրաքվեի առիթով Ղրիմ մեկնած Եվրախորհրդարանի և եվրոպական որոշ երկրների պատգամավորների գերիշխող մասն արմատական և ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներ են։

Այսօրվա հանրաքվեի թերթիկներում երկու հարց է։ Առաջին` «Դուք կո՞ղմ եք, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ենթակայի կարգավիճակով միանա Ռուսաստանին»։ Երկրորդ` «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992 թվականի սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի` որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։ Հարցերը թերթիկներում գրված են ռուսերեն, ուկրաիներեն և թաթարերեն։

Ուկրաինայի ներկայիս իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեն ապօրինի է, քանի որ Ուկրաինայի սահմանների կամ շրջաններից մեկի կարգավիճակի փոփոխությանը վերաբերող հարցերը պետք է ներկայացվեն համաուկրաինական հանրաքվեի։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր ասել է, որ անջատողական գործողությունների բոլոր հեղինակները և նախաձեռնողները դատական պատասխանատվության են ենթարկվելու։

«Ուկրաինայի պետությունը գտնելու է բոլոր նրանց, ովքեր ռուսաստանցի զինվորականների պաշտպանության ներքո փորձում են ոչնչացնել Ուկրաինայի անկախությունը։ Մենք գտնելու ենք նրանց, մեկ տարի, թե երկու տարի հետո, մենք գտնելու ենք և դատելու ենք ուկրաինական և միջազգային դատարաններում»,- ասել է Յացենյուկը։

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Ռուսաստանի գործողությունները։ Հավանաբար արդեն երկուշաբթի օրը միջազգային համայնքը Ռուսաստանի նկատմամբ կսահմանի լուրջ պատժամիջոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG