Մատչելիության հղումներ

Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսիի խոսքով` Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կրճատումը կամ դադարեցումը կնպաստի, որ տնտեսական հարաբերությունները Հայաստանի ու Իրանի միջև խորանան:

Վերջին շրջանում իսկական «ճեղքում» գրանցվեց մի կողմից Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների, մյուս կողմից` Իրանի միջև տարիներ ի վեր շարունակվող բանակցություններում: Ընդհանուր պայմանավորվածությունը հետևյալն է՝ արևմտյան երկրները թուլացնում են Իրանի նկատմամբ տասնամյակներով սահմանված տնտեսական պատժամիջոցները, իսկ Թեհրանն ավելի թափանցիկ է դարձնում միջուկային ոլորտում իր գործունեությունը:

Միջազգային լրատվամիջոցներում կարելի է հանդիպել նաև հետևյալ տեսակետին, թե Իրանի, այսպես ասած, բացվելը համաշխարհային տնտեսության առջև և իրանական նավթի ու հատկապես գազի մեծածավալ մուտքը միջազգային շուկա, ոչ միայն կբերի էներգակիրների գների նվազմանը, այլև կթուլացնի բազմաթիվ երկրների գազային կախվածությունը Ռուսաստանից:

«Իրանի արտաքին քաղաքականությունում գերակայությունը՝ հարաբերություններն են հարևանների հետ: Պետք է ասեմ, այդ խիստ պատժամիջոցները համարվում էին տնտեսական ոլորոտում հարաբերությունների զարգացման խոչընդոտներից մեկը: Վստահաբար, կարող եմ ասել, որ այդ խոչընդոտների վերացումից հետո մեր տնտեսական հարաբերությունները ավելի կխորանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռայիսին:

Դեսպանից հետաքրքրվեցինք նաև Մեղրիի ՀԷԿ-ի ճակատագրով: Հիշեցնենք այդ ՀԷԿ-ի պատմությունը, որը բավականին ուշագրավ է. չնայած Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց դեռ 2012-ի նոյեմբերի 8-ին, և հիմնարկեքի արարողությանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դրանից մեկ տարի անց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստովանեց, որ ՀԷԿ-ի նախագծային աշխատանքները դեռ ավարտված չեն: Իսկ դեսպան Ռայիսին անցած դեկտեմբերին հայտարարեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը չի ընթանում, որովհետև իրանական ու հայաստանյան բանկային համակարգերի միջև՝ միջազգային պատժամիջոցների պատճառով չկա անհրաժեշտ համագործակցություն:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ խոչընդոտները վերանան և շինաշխատանքները սկսվեն: Բանկային խնդիրներ գոյություն ունեն, երբ դրանք լուծվեն, հուսով եմ՝ իրանական նոր տարում (որը սկսվում է այս մարտի 21-ից) շինաշխատանքները կմեկնարկեն: Առաջիկայում Թեհրանում տեղի է ունենալու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որոշ խնդիրներ այդտեղ կքննարկվեն և, հուսով ենք, դրանց լուծումից հետո շինաշխատանքները կսկսվեն: Գիտեք, կան որոշ բանկային խնդիրներ, խոչընդոտներ, որոնք պետք է վերանան և այդ խոչընդոտները Հայաստանում են», - նշեց դեսպանը:

Հարցին, թե հաշվի առնելով իրանական տնտեսության բացվելը միջազգային շուկայի առջև՝ հնարավո՞ր է Իրանը նոր առաջարկներ անի Հայաստանին գազի վաճառքի վերաբերյալ, Մուհամադ Ռայիսին պատասխանեց.- «Հնարավոր է: Դա կախված է բանակցություններից: Մայիսին Թեհրանում տեղի ունենալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում կարող է քննարկվել նաև այդ հարցը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG