Մատչելիության հղումներ

Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազան զբաղվում է «պլանային միջոցառումներով»


Հայաստանում տեղակայված ռուսական օդուժը համալրվեց
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Հայաստանում տեղակայված ռուսական օդուժը համալրվեց

Հայաստանում տեղակայված ռուսական օդուժը, որը օրերս համալրվեց արդիականացված Միգ-29 կործանիչներով, առաջիկայում ավելացնելու է զորավարժությունների հաճախականությունը:

Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտնեց ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը:

Վերջին շրջանում Ռուսաստանը շարունակաբար հզորացնում է Հայաստանում տեղակայված իր 102-րդ ռազմաբազան: Անցած ամիսների ընթացքում տեղեկություններ հայտնվեցին ռազմաբազան նոր սպառազինությամբ համալրելու, պայմանագրային զինծառայողների թվաքանակը ավելացնելու մասին:

Ուժեղացվում է նաև ավիաբազան՝ արդիականացվում են ավիաբազայում տեղակայաված Միգ-29 կործանիչները: Պետրովը այսօր ասաց, թե առայժմ ստացել են նորացված 3 կործանիչներ: Նախատեսված է, որ առաջիկայում ավիաբազան կհամալրվի նաև մարտական ուղղաթիռների էսկադրիլիայով:

«Այսօր մենք ձգտում ենք մեծացնել [մեր վարժանքների] հաճախականությունը: Սակայն այստեղ մենք միայնակ չենք, այս օդանավակայանում իր թռիչքներն է իրականացնում նաև հայկական ուղղաթիռային զորամասը, և երբ թռիչքների համար ազատ օր է հայտնվում, մենք այն օգտագործում ենք: Մենք ավելացնում ենք մեր վարժանքների հաճախականությունը, այսպես ասած, մեր մարզավիճակը պահպանելու համար», - ասաց նա:

Անցած տարվա հոկտեմբերին մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ին տված հարցազրույցում գնդապետ Ռուզինսկին, մասնավորապես, ասել էր․- «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն»:

Պաշտոնական Բաքուն արձագանքել էր, թե «Ադրբեջանը թույլ չի տա որևէ պետության կամ կողմի միջամտել իր սեփական տարածքում սեփական իրավասությունների վերականգնման գործընթացին»։

Այսօր ռուսական ավիաբազայի հրամանատարին հարցրեցինք, թե, այնուամենայնիվ, Հայաստանում տեղակայված ռուսական զինուժը պատրա՞ստ է արձագանքել Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

Գնդապետ Ալեքսանդր Պետրովը նախ պատասխանեց, թե «հիմա չի կարող դա մեկնաբանել», բայց հավելեց․ - «Մենք ունենք պլանային խնդիրներ, որոնք լուծում ենք: Այլ հանձնարարություններ ես չունեմ: Մենք զբաղվում ենք պլանային միջոցառումներով, որոնց նպատակը ավիաբազայի նախապատրաստումն է մեկ տարվա համար»:
XS
SM
MD
LG