Մատչելիության հղումներ

Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով: Լրագրողի խնդրանքին` ճշգրտել մարտի 16-ին հանրաքվեին դրված հարցերը, Աքսյոնովը հայտարարել է, որ առաջին հարցը Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելն է, իսկ երկրորդ հարցը` Ուկրաինայի կազմում մնալը` 1992 թվականի Սահմանադրությամբ, այսինքն` առավել լայն ինքնավարության հնարավորություններով:

Աքսյոնովը, սակայն, հայտարարել է, թե վստահ է, որ Ղրիմի ժողովուրդը կքվեարկի Ռուսաստանին միանալու օգտին:

«Ինչո՞ւ են ռուսական զորքերը այստեղ» հարցին Աքսյոնովը պատասխանել է, որ ռուսական զորքերը միշտ էլ այստեղ են եղել, դեռ Սուվորովի, Կուտուզովի ժամանակներից, Սևծովյան նավատորմը միշտ էլ եղել է այս տարածքում: Աքսյոնովի խոսքով, սակայն, ռուսական զորքերը ակտիվ գործողություններ չեն իրականացնում, հասարակական կարգն ու անվտանգությունը պաշտպանում են Ղրիմի ներքին զորքերն ու ինքնապաշտպանական ջոկատները, և միայն որոշ օբյեկտների պաշտպանության դեպքում են իրենք համագործակցում Սևծովյան նավատորմի հետ:

«Ղրիմի բոլոր զորամասերն էլ մարտի 17-ին կանցնեն Ղրիմի նոր իշխանությունների կողմը, իսկ ով չի անցնի` նրանց թույլ կտան հեռանալ», - վստահ է Աքսյոնովը:

Բանկային համակարգի խնդիրներին անդրադառնալով՝ Աքսյոնովը հայտարարել է, որ դրանք չեն ազգայնացվի, այնտեղ պահվող գումարները ոչ ոք չի առգրավի: Իսկ ուկրաինական նավթային ընկերությունը, ըստ Ղրիմի վարչապետի, իրենց է պատկանում:

Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցներին անդրադառնալով՝ Աքսյոնովը հայտարարել է, թե իրենք իրացնում են իրենց իրավունքը՝ սեփական ճակատագիրը որոշելու հարցում, իսկ Եվրոպան երկակի ստանդարտներ է կիրառում:

«Ռոյթերզ» գործակալության տեղեկություններով, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները արդեն իսկ կազմել են այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց վրա կտարածվեն տնտեսական և վիզային պատժամիջոցները, եթե հանրաքվեն կայանա: Նախնական ցուցակում մոտ 130 հոգու անուն է ընդգրկված, նրանց թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: Ըստ եվրոպական լրատվամիջոցների` Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի անունները ցանկում չկան:

Մինչ այդ իրավիճակը Ուկրաինայի արևելյան շրջաններում սրվել է: Դոնեցկում այս գիշեր դաժան բախումներ են տեղի ունեցել, կան զոհեր և մոտ հինգ տասնյակի չափ վիրավորներ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Դոնեցկում բախումների կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է , որ ուկրաինական իշխանությունները չեն վերահսկում այդ քաղաքում իրավիճակը, և որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համերկրացիներին և Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանության տակ առնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG