Մատչելիության հղումներ

Անորոշ է մնում Գյումրիում 430 բնակարանի շինարարության մեկնարկի ժամկետը


Անօթևանության խնդիրը երկրաշարժից քառորդ դար անց լուծված չէ: Վեց տարի առաջ աղետի գոտում անօթևանության խնդրի վերջնական լուծման խոստում տված Սերժ Սարգսյանին չհաջողվեց 2013 թվականին ավարտել երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը, թեև միայն Գյուրիում այդ տարիներին 2812 բնակարան է շահագործվել:

Պետությունը ստանձնել է ևս 430 բնակարան կառուցելու պարտավորություն ու դրանով կարծես թե ավարտված է համարում երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը:

Այդ 430 բնակարանների շինարարության մեկնարկը պիտի տրվեր մեկուկես տարի առաջ, սակայն ցայսօր էլ պարզ չէ, թե երբ կսկսվի շինարարությունը:

Բնակարանային խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը հարցումներ է ուղարկել և՛ նախագահին ու վարչապետին, և՛ Քաղաքաշինության նախարարին:

Օրերս պատասխան են ստացել Քաղաքաշինության նախարարից, որը կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը նմանեցնում է դիվանագիտական փաստաթղթի, որտեղ չկա կոնկրետ պատասխան, թե երբ է սկսվելու շինարարությունը:

Թումասյանի կարծիքով՝ եթե աղետի գոտում շինարարությունն իրականացնի միայն մեկ կազմակերպություն՝ «Գլենդեյլ հիլզ»-ը, լավագույն դեպքում Գյումրիում բնակարաններ շահագործման կհանձնվեն հաջորդ նախագահական ընտրություններից առաջ՝ 2017 թվականին:

«Սա կանխատեսում է: Տա Աստված, ես սխալվեմ: Բայց մինչև հաջորդ նախագահական ընտրությունները նախաշեմը իրենք բնակարաններ չեն շահագործի՝ եթե այլ միջոցառումներ ձեռք չառնենք՝ հասարակությունը ոտքի չելնի, ճանապարհներ չփակի», - հավելեց նա:

Վահան Թումասյանը բազմիցս ասել ու հիմա էլ կրկնում է․ - «Մենք կարճ ճանապարհն էինք իրենց ասել: Դեռևս մեկ տարի առաջ ասել էինք՝ «Գլենդեյլ հիլզ»-ի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարեք, նոր մրցույթ հայտարարեք, «Գլենդեյլ հիլզ»-ին պարտավորեցրեք չարած աշխատանքների գումարները հետ վերադարձնել, այդ գումարներով կառուցեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG