Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի այս շաբաթվա քառօրյայում գովազդի մասին օրենքում միանգամից մի քանի փոփոխությունների նախագծեր էին ընդգրկված։

Կառավարությունը մի նախագծով առաջարկում արգելել մանկական կաթնախառնուրդների գովազդը, մյուսով՝ խստացնել ծխախոտի գովազդը, 3-րդ նախագծով Հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արթուր Գևորգյանը, Տաճատ Վարդապետյանը, Նաիրա Կարապետյանը, Արման Սահակյանը, Լևոն Մարտիրոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկում էին թույլ տալ գովազդել թունդ ալկոհոլային խմիչքները երեկոյան 10-ից հետո։

Ազգային ժողովում այս շաբաթ քննարկվեց և քվեարկության դրվեց այս նախագծերից միայն մեկը. առաջին ընթերցմամբ ընդունեց թունդ ալկոհոլային գովազդը երեկոյան 10-ից հետո թույլատրող օրենսդրական նախագիծը։

Նախաձեռնության հեղինակները ԱԺ-ում վստահեցնում էին, որ գովազդը թույլատրելը միայն օգուտ է Հայաստանի տնտեսությանը և մասնավորապես տեղական հեռուստաընկերություններին, իսկ ընդդիմությունը օրինագիծը համարեց օլիգարխիկ տնտեսությանը ծառայող նախագիծ:

«Մեր երկրի համար առողջ ապրելակերպը գերակա խնդիրներից է։ Այս պարագայում այս նախագծի ի հայտ գալը իսկապես զարմանալի է և անսպասելի, միգուցե անբացատրելի և անտրամաբանական գոնե իմ կարծիքով», - «Ազատության» հետ զրույցումա ասաց հանրային առողջության մասնագետ Նարինե Մովսիսյանը՝ արդեն ընդունված նախագիծը համարելով անթույատրելի։

Մասնագետը տարակուսում է, թե ինչպես է խորհրդարանական մեծամասնությունը մարդկանց առողջությունը ստորադասել տնտեսական օգուտներին։

«Եթե մենք վստահ լինենք, որ մեր ընտանիքներում այնպիսի մթնոլորտ է, որ փոքրիկներին երբեք թույլ չեն տա ուշ երեկոյան հեռուստացույց դիտել, այս խոսակցությունը չէինք վարի, բայց գիտենք, որ այդպիսի իդեալական վիճակ երբեք չի լինի։ Այդ պատճառով էլ պետք է վարվել այնպես, ինչպես վարվել է Արևմուտքը: Աշխարհը վաղուց բացառել է ալկոհոլի գովազդը», - ավելացրեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ամերիկյան համալսարանի հանրային առողջության դպորցի աշխատակից Նարինե Մովսիսյանն ավելացրեց, որ առանց թունդ խմիչքների գովազդի էլ առողջական խնդիրների պակաս Հայաստանի բնակչությունը չունի։

Ազգային ժողովի այս օրակարգում ընդգրված ծխախոտի գովազդին վերաբերող նախագիծը շատ կետերով հակասում է ալկոհոլի գովազդը թույլատրող նախագծին։ Առողջապահության նախարարության հեղինակած նախագիծն առաջարկում է ծխախոտի մասով խստացնել «Գովազդի մասին օրենքը»՝ արգելելով ծխախոտի ցանկացած տեսակի գովազդը ոչ միայն հեռուստաեթերում, էլեկտրոնային մամուլում ու ամսագրերեում, այլև առևտրային հաստատությունների արտաքին ու ներքին պատերին, այդ թվում շրջիկ առևտրի կետերում։

Նախագծի հեղինակները հիմնավորում են թե «բոլոր փաստարկները, թե իբր գովազդը չի նպաստում նոր ծխողների ներգրավելուն, ամբողջովին անհիմն են», ապա՝ «մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը»։ Նարինե Մովսիսյանը, օրենսդիրների տրամաբանությունը հակասական համարելով, շեշտում է, որ հանրային առողջությանը հավասարապես սպառնում են և՛ ծխախոտը, և՛ թունդ ալկոհոլային խմիչքները․ - «Չի կարելի աջ ձեռքով մի բան անել, ձախով՝ ուրիշ բան։ Եթե մտադրությունները լուրջ են և առողջությունը կարևոր է, ապա պետք է օրենքներ ընդունել, որոնք կնպաստեն առողջությանը և՛ կնվազեցնեն ալկոհոլի, և՛ ձխախոտի օգտագործումը»։

Թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույալտրող օրինագծի քվերակությանը ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին․ այն ընդուվեց 66 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ էր քվեարկել Առողջապահության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արա Բաբլոյանը, իսկ նախարար Դերենիկ Դումանյանը ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, թե անձամբ իր կարծիքն էլ օրինագծի վերաբերյալ բացասական է:

2013-ից ալկոհոլի ցանկացած գովազդ արգելվել է Ռուսաստանի Դաշնությունում։ ԱՄՆ-ի շատ նահանգներում օրենքով չի արգելվում գովազդը մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքներով, բայց շատ հեռուստաալիքներ իրենք են հրաժավում նման գովազդից։ Եվրամիության շատ երկրներում արգելվում է հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը՝ թույլատրելով գարեջրի և նման այլ խմիչքների գովազդ։
XS
SM
MD
LG