Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացիության տրամադրման հեշտացումը «կխորացնի ժողովրդագրական ճգնաժամը»


Հայ միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Հայ միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Եթե Ռուսաստանը հեշտացնի քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու դիմորդների համար, ապա Հայաստանում արդեն իսկ առկա ժողովրդագրական ճգնաժամը կխորանա, հատկապես միգրանտները, որոնք այսօր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, կօգտվեն այդ հնարավորությունից և կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից, համոզված է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Իհարկե, նրանք հեշտությամբ կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից: Կարծում եմ, որ շատերը ուղղակի կընդունեն և կմնան Ռուսաստանի քաղաքացի: Ավելին՝ հենց հիմա Ռուսաստանում ահռելի թվով Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք ուղղակի երազում են Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել և իրենց կարգավիճակը լեգալացնել: Նրանք հենց ամենաառաջին դիմողները կլինեն: Ես նույնիսկ արդեն կոնկրետ մարդկանց գիտեմ, որ վաղուց սպասում էին այսպիսի մի օրենքի»,- ասաց Խառատյանը:

Նոր օրինագծի համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից:
Ցանկացողները պետք է ընդամենը ռուսաց լեզվի քննություն հանձնեն:

Ռուսաստանում մշտապես բնակվելու այս պահանջը Հայաստանի համար կարող է նաև տնտեսական լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ այդ դեպքում միգրանտները կնախընտրեն Ռուսաստան տեղափոխել նաև իրենց ընտանիքներին և Հայաստան այլևս գումարներ չեն ուղարկի, ասում է Հրանուշ Խառատյանը:

«Վերջին հետազոտություններ էլ են ցույց տալիս, որ պոտենցիալ արտագաղթի տրամադրությունը 18-20 տոկոսով ավելի է, քան նախորդ տարիներին: Եթե սա արդեն նաև գործողությունների վերածվի, բացի այն, որ Հայաստանը ժողովրդագրորեն լրացուցիչ քանակապես բեռնաթափվում մարդկանցից, սա նաև նշանակում է, որ Հայաստան մտնող տրանսֆերտների զգալի պակաս կառաջանա: Չէ՞ որ այդ գումարներով են մեծ հաշվով մարդիկ կյանքի մինիմալ տնտեսական ակտիվությունը պահպանում»,- ասաց ազգագրագետը:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Հայաստանից մարդիկ հեռանում են առաջին հերթին ապագայի նկատմամբ վստահության պակասի պատճառով, և իշխանությունները որևէ կերպ չեն փորձում փոխել իրավիճակը:

«Ես չեմ կարծում, որ իշխանությունը նույնիսկ ցանկության դեպքում կարող է մի բան անել, որովհետև իշխանությունը չի կարող իր օլիգարխիկ համակարգին դեմ գնալ, մեր հասարակությունը չի կարողանում մեր իշխանության այսօրվա վարքի պարագայում որևէ վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ: Չեմ ուզում ասել, որ Ռուսաստանը ունի ապագայի հեռանկար, բայց Ռուսաստանում գոնե իր ներկայի նվազագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը լուծվում է»,- ասաց Խառատյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG