Մատչելիության հղումներ

Նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակը


Այսօր՝ մեծ բանաստեղծի ծննդյան օրը նրա հուշահամալիրի մոտ հավաքվել էին նրա պոեզիայի երկրպագուները: Ուրախալի է, որ հավաքվածներից շատերը դպրոցականներ էին:

«Չարենցը մեր օրերում և անցյալ չկա: Չարենցը կա, կլինի ու պիտի մնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց մայրաքաղաքի Չարենցի անվան դպրոցի փոխտնօրեն տիկին Ղազարյանը՝ շարունակելով․ - «Ես ինձ համարում եմ 117 տարեկան, համարում եմ, որ Չարենցը մեր հասակակիցն է»:

«Իմ ամենամեծ ուրախանությունը երեխաների այստեղ լինելն է: Դա նշանակում է, որ Չարենցի ոգին թևածում է մեր միջավայրում», - ասաց գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ մեծ բանաստեղծի ծնդդյան օրը ամեն տարի յուրօրինակ ձևով են նշում․ - «Թանգարանում մենք այս տարի կազմակերպել ենք մի շատ հետաքրքիր ցուցահանդես «Կոմիտաս և Չարենց» խորագրով, որտեղ առաջին անգամ պիտի ցուցադրվեն կոմիտասյան մասունքներ»:

«Կոմիտասի թաշկինակն եմ ներկայացնելու ես այսօր, որը գտնվում էր մեր տանը», - մանրամասնեց թանգարանի աշխատակցուհի, Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը: - «Նրա աշակերտուհին՝ Աղավնի Մեսրոպյանը այդ թաշկինակը նվիրել էր մամայիս, իսկ դա նրան նվիրել էր հենց Կոմիտասը»:
XS
SM
MD
LG