Մատչելիության հղումներ

Միջնորդները ապրիլին կայցելեն տարածաշրջան


Մինսկի Խմբի համանախագահները (ձախից աջ)՝ Ֆրանսիայից Ժակ Ֆորը, Ռուսաստանից Իգոր Պապովը, ԱՄՆ-ից Ջեյմս Ուորլիքը
Մինսկի Խմբի համանախագահները (ձախից աջ)՝ Ֆրանսիայից Ժակ Ֆորը, Ռուսաստանից Իգոր Պապովը, ԱՄՆ-ից Ջեյմս Ուորլիքը
Մինսկի Խմբի համանախագահները հաջորդ ամիս այցելելու են տարածաշրջան, այս մասին նշված է մարտի 12-ի նրանց համատեղ հայտարարությունում:

Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Մինսկի Խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանից Իգոր Պապովը, Ֆրանսիայից Ժակ Ֆորը, արձանագրում են, որ փետրվարի 22-ին Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 11-ին՝ Մոսկվայում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Համանախագահները շարունակել են աշխատանքը արտգործնախարարների հետ այն հարցերի շուրջ, որ բարձրացվել էին 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում: Արտգործնախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ լուծելու մնացած հարցերը և առաջ մղել գործընթացը»,- նշում են միջնորդները՝ միաժամանակ խաղաղ գործընթացի առաջընթացի համար շեշտադրելով բարձր մակարդակի հանդիպումները ապագայում շարունակելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ երկարատև ընդմիջումից հետո, երբ անցած նոյեմբերին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Վիեննայում, միջնորդները, ողջունելով բարձր մակարդակի բանակցությունների վերականգնումը, հայտնեցին, որ մոտ ապագայում՝ այս տարվա սկզբին, նախագահները նորից կհանդիպեն, սակայն Սարգսյան-Ալիև նոր հանդիպման մասին դեռևս որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա:

Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները մարտի 12-ին հանդիպում են ունեցել նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարության կայքում կարճ հաղորդագրություն է տեղադրված, ուր նշված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ խնդիրները:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները արժեքավոր էին: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան կշարունակեն միասին աշխատել՝ աջակցելու խաղաղության ջանքերին, նշել է նա:
XS
SM
MD
LG