Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունն առաջարկում է հարկային արտոնություններ տալ ՏՏ ոլորտին


Կառավարությունն իր այսօրվա նիստում հարկային արտոնություններ սահմանեց տեղեկատվական ոլորտի ձեռնարկությունների համար:

Նիստում հավանության արժանացավ միանգամից երեք օրենքներում լրացումներ կատարելու նախագիծ-փաթեթը, այն ճանաչվեց հրատապ և ուղարկվեց Ազգային ժողով:

Երբ նախագիծը օրենքի ուժ ստանա, ՏՏ ոլորտում նոր ստեղծվող, 15-ից ավելի աշխատակից չունեցող ընկերությունները երեք տարի ժամկետով ընդհանրապես կազատվեն շահութահարկից, որը այսօր կազմում է 20 տոկոս, իսկ այդ ընկերությունների աշխատակիցները աշխատավարձից կվճարեն միայն 10 տոկոս եկամտահարկ․ այն այսօր 24.4 տոկոս է՝ մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ունեցողների համար և ավելի քան 26 տոկոս՝ 120 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում՚:

Բացի այդ, կառավարությունը դրամական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու ՏՏ ոլորտի նորաբաց ընկերություններին:

«Մենք ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը ընդունելուց հետո Հայաստանում տարեկան 40-60 նոր ձեռնարկություններ կստեղծվեն ՏՏ բնագավառում», - կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով ներկայացնում էր լրացումների փաթեթը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, հարկային արտոնությունները «նոր առաջընթաց» կապահովեն ոլորտում․ - «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն համաշխարհային քարտեզի վրա տեղեկատվական տեխնոլոգիաների իր առանձնահատկություններով, իր հարաբերական առավելություններով գրավի իր հատուկ տեղը»:

ՏՏ ոլորտը Հայաստանի կառավարության կողմից գերակա ճյուղ է ճանաչվել դեռ 2000 թվականին: 2008-2012 թվականների ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:

Վերջին՝ 2012 թվականը ամփոփող, տվյալների համաձայն՝ հայաստանյան ՏՏ ոլորտում աշխատում են մոտ 10 հազար ինժեներներ, ոլորտը թողարկել է շուրջ 244 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում Էկոնոմիկայի նախարարը խոստովանեց, որ արտոնությունները սահմանվում են նաև այն նպատակով, որ կասեցվի ոլորտի ձեռնարկությունների հոսքը Հայաստանից, երբ ձեռնարկությունը գրանցվում է դրսում՝ արտոնյալ հարկային ռեժիմներ ունեցող երկրներում, սակայն աշխատակիցները ապրում ու ստեղծագործում են Հայաստանում:

«Մենք հիմա ուզում ենք Հայաստանը սարքենք այդ տեսանկյունից գրավիչ: Ոչ միայն հարկայինով, այլև մնացած մեր գործիքներով ստեղծենք այդ դաշտը, որպեսզի նրանք ուզենան հենց Հայաստանում գրանցել այդ ընկերությունները», - ասաց Վահրամ Ավանեսյանը:

Հարցին, թե հարկային այս արտոնություններով արդյոք կառավարությունը չի փորձում իր կողմը գրավել պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր, ինչպես հայտնի է, «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամներ զգալի մասն են, նախարարն արձագանքեց․ - «Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն ունենալ, որը նպաստավոր է ոլորտի համար և դրա հետևանքով դեմ շարժումը կողմ կլինի, ապա ես կարող եմ պնդել, որ այո՛, դրա համար ենք անում»:

Մինչդեռ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով բազմիցս բավականին կոշտ արտահայտվել է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե կապ չի տեսնում ոլորտի համար սահմանվող հարկային արտոնությունների ու այդ համակարգի դեմ ծավալված պայքարի միջև․ - «Որևէ ազդեցություն չի ունենա, որովհետև այդ երիտասարդները, որոնք բողոքում են, ձեռնարկատերեր չեն: Սա օգուտ է ձեռնարկատերերին, չի վերաբերում աշխատակցին»:
XS
SM
MD
LG