Մատչելիության հղումներ

Ուկրաինան կարող է դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին


Իվան Կուխտա, արխիվ
Իվան Կուխտա, արխիվ
Պաշտոնական Կիևը դիտարկում է ԱՊՀ-ին անդամակցությունը դադարեցնելու հարցը, այսօր հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Դիվանագետը հիշեցրեց, որ այս տարի ԱՊՀ-ում նախագահող Ուկրաինան, պայմանավորված երկրում լարված իրավիճակով, առաջարկել է մարտի 7-ին կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաք անցկացնել Կիևում, սակայն, բոլոր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հրաժարվել են մասնակցել նիստին՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Ուկրաինական կողմն առաջարկել է հավաքը տեղափոխել մարտի 12-ին, սակայն կրկին մերժում ստացել:

«Եթե ԱՊՀ-ի անդամ, ինչպես նաև նախագահող երկրում այսպիսի բարդ իրավիճակ է և արտգործնախարարները չեն կարողանում հավաքվել, որոշում կայացնել կամ գոնե քննարկել խնդիրը, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ է պետք այդ կառույցը: Եթե ուղղակի հավաքվելու և զրուցելու համար, ապա ես կարծում եմ, որ այդպիսի կազմակերպություն պետք չէ: Ուստի՝ կկայացվի համապատասխան որոշում և դա կլինի քաղաքական որոշում», - նշեց Կուխտան:

Ուկրաինայի դեսպանը հայտարարեց, թե Կիևը դժգոհ է ԱՊՀ-ին անդամակցող երկրների արձագանքման ներկայիս օպերատիվությունից և գործողություններից, ավելին՝ Իվան Կուխտան տարակուսած էր ստեղծված իրավիճակից․- «Երբ կազմակերպության անդամ պետություններից մեկում շատ բարդ իրավիճակ է, ասել, որ նախարարները զբաղված են, բոլորովին կոռեկտ չէ, քանի որ շատ այլ երկրների արտգործնախարարներ, այդ թվում Եվրոպայի, Միացյալ Նահանգների, ժամանակ գտնում են Ուկրաինայի դրությունը քննարկելու համար: Ցավոք սրտի ԱՊՀ-ի արտգործնախարարները շատ ուժեղ զբաղված են և չեն կարող քննարկել իրավիճակը»:

Ուկրաինացի դիվանագետը ձեռնպահ մնաց գնահատել պաշտոնական Երևանի դիրքորոշումը իր երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ: Իվան Կուխտան խորհուրդ տվեց Հայաստանի իշխանություններից հետաքրքրվել, թե ինչ մոտեցում ունեն, միայն ասաց, որ ծանոթ է նախագահի և արտգործնախարարի այն հայտարարություններին, թե Երևանը կողմ է խնդրի խաղաղ կարգավորման:

«Ահա այդպիսինն է Հայաստանի դիրքորոշումը, դա ձեր կառավարությունն է, մենք պատասխանատու ենք մեր երկրի կառավարության գործողությունների համար», - հավելեց դիվանագետը:

Փոխարենը դեսպանը ոգևորված է շարքային հայաստանցիների ուշադրությունից, ամեն օր դեսպանատուն են այցելում հայեր՝ զորակցություն հայտնում: Իվան Կուխտան հիշեցրեց՝ մայդանում երկու հայազգի ցուցարար զոհվեց:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն Ուկրաինան որակում է ապօրինի և հակասահմանադրական՝ վկայակոչելով նաև մի շարք պետությունների և միջազգային կառույցների դիրքորշումը:

«Այդ այսպես կոչված հանրաքվեն միայն իրավիճակն ապակայունացնելու փորձ է», - հայտարարեց դեսպանը․ - «Առավելևս հանրաքվե անցկացնել այսպիսի իրավիճակում, երկու շաբաթվա ընթացքում, ուղղակի ֆարս է: Այնպես որ Ուկրաինան հստակ հայտարարում է, միջազգային կառույցներն էլ աջակցում, որ եթե անգամ հանրաքվեն անցկացվի, այն լինելու է ոչ լեգիտիմ»:

Զուգահեռներ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև դեսպան Կուխտան չցանկացավ անցկացնել, ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին պետք է լինի Մաքսային միության անդամ երկրների դիրքորոշումը այն դեպքում, եթե Ղրիմն այնուամենայնիվ Ռուսաստանի կազմի մեջ մտնի, Ուկրաինայի դեսպանը կրկնեց՝ հանրաքվեի արդյունքները որևէ նշանակություն չեն կարող ունենալ․- «Ղրիմի այսօրվա իշխանությունները, ապօրինի ընտրված վարչապետը, իրավունք չունեն այլ երկրների միանալու հարց բարձրացնել, այդ իրավունքը վերապահված է միայն Գերագույն ռադային և նախագահին»:

Մինչդեռ հիմա ոչ բոլոր պետություններն են շտապում ճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին, բայց դեսպանն ասում է՝ իրենց խնդիրն է:

«Տանը, իմ հարևաններն էլ երբեմն ինձ դուր չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ չեմ ճանաչում նրանց», կատակելով համեմատեց Իվան Կուխտան:
XS
SM
MD
LG