Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոնն այցելել է Նոր Ջուղայի հայկական եկեղեցի


Բարոնուհի Քեթրին Էշթոնը Նոր Ջուղայի հայկական եկեղեցում, 10-ը մարտի, 2014

Բարոնուհի Քեթրին Էշթոնը Նոր Ջուղայի հայկական եկեղեցում, 10-ը մարտի, 2014

Շաբաթվա սկզբին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Իրան կատարած այցելության ժամանակ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից զատ հասցրել է այցելել նաև հայկական եկեղեցի:

Իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Էշթոնը երկօրյա այցի վերջին օրը մեկնել է Սպահան քաղաք, որտեղ շրջել է պատմական վայրերում: Այնուհետև Եվրամիության բարձր ներկայացուցիչը գնացել է Սպահանի՝ հայերով բնակեցված Նոր Ջուղա թաղամաս, որտեղ էլ եղել է Սուրբ Ամենափրկիչ հայկական վանքում:

«Վանքում իրեն դիմավորեց Տեր Բաբկեն եպիսկոպոս Չարյանը, այնուհետև այցելեցին 350-ամյա պատմություն ունեցող Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցի»,- պատմեց իրանահայ լրագրողը:

Դավթյանի փոխանցմամբ՝ Բաբկեն եպիսկոպոս Չարյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ․ - «Միաժամանակ նա անդրադարձավ Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված թուրք գործիչ Դողու Փերինչեքի արդարացման վճռին Եվրադատարանի կողմից՝ հիշեցնելով, որ մեկ ամիս Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը մի բողոք-նամակ է հղել Շվեյցարիայի դատարանին՝ ընթերցելով նամակից մի հատված: Սրբազան հայրը իր խոսքի շարունակության մեջ կարևորությամբ ընդգծեց, որ Իրանի պետությունը միշտ զորակցել է մեզ՝ մեր եկեղեցիների ու մշակութային կոթողների պահպանման գործում, մինչդեռ սրանից մի քանի տարի առաջ հարևան Ադրբեջանում ադրբեջանցիները ավերեցին Հին Ջուղայի պատմական արժեք ներկայացնող խաչքարերը, որն ինքնին մշակութային ցեղասպանություն է։ Թեմակալ Առաջնորդը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանը կբարձրաձայնի այս մասին, կճանաչի մարդկային իրավունքները և կդատապարտի նման արարքները, որպեսզի այլևս չթույլատրվեն նման ցեղասպանությունների շարունակությունը»:

Իրանահայ լրագրողն ասում է՝ Քեթրին Էշթոնը վստահեցրել է, որ անպայման հետևելու և պաշտպանելու է մարդկային իրավունքները և ներկայացված խնդիրները:
XS
SM
MD
LG