Մատչելիության հղումներ

Մի խումբ երիտասարդ հանրապետական պատգամավորներ և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում են փոփոխել գովազդի մասին օրենքն ու թույլ տալ երեկոյան ժամը 10-ից հետո ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ։

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին։ Ըստ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի նախագիծը անբարեխիղճ լոբբինգի արդյունք է: ՀԱԿ պատգամավորներն էլ խոսեցին գովազդային դաշտի մենաշնորհի մասին՝ այս օրինագիծը գնահատելով մենաշնորհը խորացնելու փորձ։

«Առնվազն 1.5 մլրդ դրամի հավելյալ գումար է ուղղվում դեպի Վատիկանում ՀՀ-ի դեսպան և, որ տվյալ դեպքում ավելի կարևոր է, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Միանասյանի մեդիա կայսրությունը ֆինանսավորելու համար», - ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նախագիծը ներկայացրած պատգամավորները օրինագծի հիմնավորման բաժնում գրել են, որ եթե ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվի, հեռուստատեսությունները տարեկան մինչև 1 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր կունենան, ինչը կբարելավի հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը։

ԱԺ-ում շրջանառվող մեկ այլ նախագծով առաջարկվում է արգելել Հանրային հեռուստաընկերության եթերում կոմերցիոն գովազդը, ինչը գովազդային շուկայից դուրս կմղի Հանրային հեռուստաընկերությանը։

«Ստացվում է` գովազդային գումարների 1 միլիարդը 90 տոկոսով բաշխվելու է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների միջև և, բացի այդ, տարեկան մոտ 690 միլիոն դրամը, որ այսօր մտնում է Հանրային հեռուստաընկերություն (գովազդային գումար է, չէ՞, չի կորելու), կրկին նույն սկզբունքով բաշխվելու է «Արմենիա» հեռուստաընկերության և վերջինիս արբանյակ հեռուստաընկերությունների միջև», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Նախագծի մասին իր ելույթում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ պատգամավորների խումբը այս նախագծով գովազդի հետ կապված ոչ մի խնդիր էլ չի լուծում, այլ «ծառայում է ընդամենը մեկ մարդու բիզնես շահերին»:

«Հակապետական բան եք անում, չե՞ք զգում, մեկի կամքը կարելի՞ է բերել խորհրդարան և միաձայն քվեարկել։ Այստեղ գոնե կեսը թիմայինից բացի ունի անհատական մտածողություն, դե քվեարկե՛ք, ձայն եք հավաքել», - ասաց Արամ Մանուկյանը։

Նախագծի համահեղինակ, հանրապետական Սամվել Ֆարմանյանը ընդդիմախոսներին պատասխանեց, որ կարծիքը, թե օրինագիծը ներկայացնում է ընդամենը մի քանի հեռուստաընկերությունների շահեր, իրականությունից հեռու է, այլ օրինագիծն օգնելու է բոլոր հեռուստաընկերություններին դուրս գալ ֆինանսական ծանր վիճակից։

«Մինչև հեռուստաընկերությունները չլինեն ֆինանսապես ինքնաբավ, չեն կարող միջոցներ դնել լավագույն որակի հեռուստատեսային արտադրանք ստանալու համար», - ասաց Ֆարմանյանը։

Կառավարությունը օրենքի փոփոխության առաջարկին առարկություններ չունի՝ չնայած առողջապահության նախարարությունը շարունակ խոսում է հանրային առողջության վիճակը բարելավելուն ուղղված ծրագրերի մասին, իսկ ալկոհոլային խմիչքի գովազդն, ինչպես հայտնի է, սպառնում է հանրային առողջությանը այնպես, ինչպես ծխախոտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG