Մատչելիության հղումներ

logo-print
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն հավատում, թե խորհրդարանի ոչ իշխանական ուժերի խորհրդակցություն-հանդիպումները կհանգեցնեն իշխանափոխության:

Մանվել Բադեյանի (ՀՀԿ) համոզմամբ՝ ոչ իշխանական ուժերը ուզում են համախմբվել իշխանությունը տապալելու շուրջ: Նա կարծում է, որ չեն հաջողելու - «Տառապանքս փորձ ունի: Ես գիտեմ, որ օպոզիցիոն ուժերը երբեք չեն կարողացել համախմբվել: Կարծում եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կոնսուլտացիաներ են անցկացնում՝ միասնական քաղաքական ու տնտեսական օրակարգ կազմելու և դրան հասնելու «ճանապարհային քարտեզ» ձևավորելու նպատակով:

ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, հիշեցնենք, մի քանի ամիս ի վեր սերտորեն համագործակցում են խորհրդարանում:

Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով, դրական կլինի, եթե ոչ իշխանական ուժերը կարողանան միավորվել ոչ թե նեղ հատվածական շահերի, այլ տարբեր խնդիրների խորհրդարանում վերհանելու համար: Իսկ իշխանափոխության հասնելու լավագույն տարբերակը Սահակյանը հերթական ընտրություններն է համարում:

«Չեմ կարծում, որ աշխարհում երկրորդ մոդելը կա․ ընդդիմությունը միշտ փորձում է գալ իշխանության, իշխանությունն էլ պահում է իշխանությունը, ներկայացնում է հակափաստարկներ: Մենք էլ այս աշխարհի մի մասն ենք, մեր ընդդիմությունն էլ պետք է ինչ-որ մի ձև փորձի գալ իշխանության: Ուստի մենք՝ որպես ժողովրդավարական երկիր, ինչպես տեսնում եք, ազատ ենք թողնում բոլոր միջոցների, զենքերի, գործիքների գործադրման մեջ»:

Համլետ Հարությունյանը (ՀՀԿ) ոչ իշխանական ուժերին հաջողություն է մաղթում, բայց զգուշացնում է, թե միավորման ճանապարհին ամեն ինչ հնարավոր է, անգամ՝ դավաճանություն․ - «Մենք՝ հայերս, քցելու վարպետներ ենք, քցելը հիմի նորմ ա դարձել մարդկային հարաբերություններում, կարծում եմ՝ նաև կուսակցական հարաբերություններում դա չի բացառվի»:

Այսօր ընդդիմության հետ միավորման փորձեր անող ԲՀԿ-ն իրեն չդասեց խորհրդարանական ընդդիմադիրների շարքին, ասաց այլընտրանք է: Այս ձևաչափը անհասկանալի է Կարեն Ավագյանին (ՀՀԿ)․ ընդդիմության դաշտում չեն, նախագահի հրաժարական չեն պահանջում․ - «Քանի որ ոչ մի բան չեն հայտարարել և ոչ մի բան չեն պահանջում, տեսնում եմ այնպես, ինչպես իրենք այսօր կան»:

Համլետ Հարությունյանը լավ է ճանաչում Գագիկ Ծառուկյանին․ - «Մենք համատեղ անցած ճանապարհ ունենք: Դրա համար ես գտնում եմ, որ Ծառուկյանի քաղաքական կերպարը ավելի մեզ է մոտ, քան ընդդիմությանը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG