Մատչելիության հղումներ

Բնապահպանը թերահավատ է, թե կանաչապատման գումարները արդյունավետ են ծախսվում


Երևանի կանաչապատման համար այս տարի մոտ 1.6 միլիարդ դրամ է հատկացված:

Քաղաքային իշխանությունները սա գերակա ճյուղ են որակում և պնդում, թե ամեն տարի միջոցներն ավելանում են: Այս տարի օրինակ, տրամադրվելու է նախորդից 80 միլիոն դրամով ավելի գումար: Արդյունքում, ըստ քաղաքապետարանի հաշվարկների, ավելանում է նաև Երևանի կանաչապատ տարածքը, ասում են՝ Երևանում հիմա այնքան կանաչ կա, որքան 80-ականների վերջին:

Մինչդեռ քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը թերահավատորեն է մոտենում այս պնդումներին և նշում, որ 90- ակաների՝ կանաչ տարածքների ահռելի կորուստը մինչև այսօր էլ վերականգնված չէ:

«Որտեղ որ պուրակներ, անտառային շերտեր կային՝ Հաղթանակի զբոսայգուց մինչև Սարի թաղ, հատվեցին, և ցավոք, մեր քաղաքային իշխանությունները որոշեցին, որ շատ լավ է, որ ազատվել է այդ տարածքը, եկեք կառուցապատենք: Հիմա եթե նայենք այդ տարածքին, կտեսնենք, որ այդտեղի ամբողջ անտառային շերտը տրվել է օլիգարխների վիլաներին, որտեղ կառուցվում են հսկայական ամրոցներ չինական պատերով պարսպապատված, որը բացարձակ հարիր չէ քաղաքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:

Պաշտոնական տվյալներով 950 հեկտար կազմող կանաչ տարածքների մեջ, մտնում են նաև Երևանի այգիները: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը պնդում է, որ ամեն ինչ անում են այգիները բարեկարգելու համար, մինչդեռ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ այդ տարածքները մեծ վերապահումով կարելի է այգի կոչել, քանի որ դրանք խիտ կառուցապատված են:

Բնապահպանները նաև պնդում են, որ շատ հաճախ տնկված ծառերը մոռացության են մատնվում, բյուջեի միջոցները բառի բուն իմաստով՝ չորանում: Կարինե Դանիելյանն, օրինակ, հիշում է, թե ինչպես է սեփական պատշգամբի տակ նույն տեղում ամեն տարի ծառ տնկվել ու չորացել:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն կարծիքը, որ ներկրված ծառերը Հայաստանում դժվար են աճում, մինչդեռ դրանք շարունակում են ներկրվել, կանաչապատումը վերածելով մի ոլորտի, որտեղ գումարներ են լվացվում, Ավետ Մարիտրոսյանը պատասխանեց․ - «Մենք ավելի քիչ փողով մեծ արդյունք ենք ունենում, ոչ մեկը այդպես չի անում»:

2013-ին, ըստ պաշտոնական տվյալների, տնկվել է 47 000 ծառ և 10 000 թուփ:
Քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նշում է, որ ոչ ոք չի կարող հերթով հաշվել այս բոլոր թփերը և ծառերը՝ պարզելու, թե արդյոք հատկացված գումարները ծառայել են իրենց նպատակին: Այս հարցերի պատասխանը պետք է տա քաղաքապետարանի աշխատանքների աուդիտն անցկացնող ընկերությունը, սակայն Սաֆարյանը արժանահավատ չի համարում այդ ընկերությունների հնչեցրած թվերը, քանի որ այդ ընկերություններին ընտրում է հենց քաղաքապետարանը:

«Հետևաբար բոլորս հասկանում ենք, որ քաղաքապետարանը երբեք չի ընտրի այնպիսի մի կազմակերպության, որը անաչառ ստուգում կիրականացնի: Առաջիկա ավագանու նիստում «Բարև Երևանը» առանձնացնելու է մի շարք խնդիրներ, որոնք եթե չասեմ ապացուցում են չարաշահումները, ապա առնվազն հարցեր են բարձրացնում ծախսերի նպատակահարմարության, իրականացված աշխատանքների ծավալի, դրանց գնահատման և դրանց վրա ծախսված գումարների վերաբրեյալ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
XS
SM
MD
LG