Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցում են Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի պատվիրակությունների առանձնազրույցը Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ-ի գրասենյակում է։ Կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպմանը չի մասնակցում, Ծառուկյանից հրավերը ուղարկվել է Լևոն Զուրաբյանին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ նախաձեռնել է միասնական քաղաքական և տնտեսական օրակարգ կազմելու, ճանապարհային քարտեզ ձևավորելու նպատակով, ինչ մասին Ծառուկյանը խոսել է ԲՀԿ վերջին համագումարում:

Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ Ծառուկյանը անցած շաբաթ է հանդիպել։

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից տեղեկացանք, որ «Ժառանգությունը» ևս Ծառուկյանից հանդիպման հրավեր ստացել է։ Թե երբ է նախատեսված հանդիպումը և ինչ կազմով է «Ժառանգությունը» մասնակցելու, խմբակցությունից կտեղեկացնեն ավելի ուշ։

Թե որքանով է ԲՀԿ-ն հակված պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, և որքանով է ԲՀԿ-ի համար ընդունելի ամբողջական իշխանափոխության տարբերակը, կուսակցությունում առայժմ չեն մեկնաբանում։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG