Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան ներկայացրել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման իրենց առաջարկները


Մարտի 10-ին Վլադիմիր Պուտինի հրավերով ուկրաինական ճգնաժամը քննարկելու նպատակով Մոսկվա պետք է ժամաներ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, սակայն նա հետաձգել է իր այցը Ռուսաստան և փոխարենը պետդեպարտամենտը Ռուսաստանին է ուղարկել ճգնաժամը կարգավորելու ամերիկյան հայեցակարգը:

Այս մասին երկուշաբթի երեկոյան աշխատանքային հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զեկուցել էր նախագահ Վլադիմիր Պուտինին:

Լավրովը ասել է, որ ամերիկյան կողմի ուղարկած փաստաթղթի հետ ռուսական կողմը որոշ հարցեր ունի և պատասխան փաստաթուղթ է պատրաստել: Լավրովը փաստաթուղթը քննարկել է Պուտինի հետ: Թե ինչի մասին է այդ փաստաթուղթը և ինչ միջոցառումներ է առաջարկում Մոսկվան ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար, հայտնի չէ:

Վաշինգտոնն ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն ուկրաինական իրադրության հարցում: Վաշինգտոնը համարում է, որ Ղրիմում ռուս-ուկրաինական հակամարտություն է, մինչդեռ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ սա ուկրաինական ճգնաժամ է և Մոսկվան այստեղ որևէ դերակատարություն չունի:

Ավելին՝ ամերիկյան կողմը Մոսկվային էր դիմել ԵԱՀԿ ռազմական դիտորդներին Ղրիմ թողնելու խնդրանքով: Մոսկվան, սակայն, հայտարարել է, որ սխալ հասցեով են դիմել ու նման հարցերը կարգավորում են Ղրիմի օրինական իշխանությունները: Հիշեցնենք՝ խոսքը այն իշխանությունների մասին է, որ մարտի 16-ին հայտարարել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին:

Պաշտոնական Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի գործող իշխանություններին, իսկ Վաշինգտոնը անօրինական է համարում հայտարարված հանրաքվեն:
XS
SM
MD
LG