Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսների մեծ մասին մարդու իրավունքները չեն հուզում


Երեխաները մասնակցում են «Ղրիմում և Ուկրաինայում ռուսախոսների հետ համերաշխության» հանրահավաքին, Մոսկվա, 10 մարտի, 2014թ.

Երեխաները մասնակցում են «Ղրիմում և Ուկրաինայում ռուսախոսների հետ համերաշխության» հանրահավաքին, Մոսկվա, 10 մարտի, 2014թ.

Այն ընդամենը 22-րդն է առաջնահերթությունների ցանկում։

Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնի վերջին հարցախույզի արդյունքների համաձայն, Ռուսաստանի Դաշնության բնակչությանը նախ և առաջ սոցիալական խնդիրներն են հուզում։

Կենտրոնն այդ հետազոտությունն անցկացրել է փետրվարի 21-25-ը Դաշնության 45 շրջանի 130 բնակավայրում։ Հարցաթերթիկները լրացրել է 1603 մարդ։

Հարցվածների 69 տոկոսը առաջնահերթ խնդիր է համարել գնաճը։ Երկրորդ տեղում չքավորությունն է և բնակչության շարունակվող աղքատացումը․ դա է նշել հարցվածների 51 տոկոսը։ Երրորդ պատուհասն էլ, ըստ հարցվածների 33 տոկոսի, գործազրկության աճն է։

Ապա նշվում են կոռուպցիան, տնտեսական ճգնաժամը, թշվառների և հարուստների միջև օրեցօր խորացող անջրպետը, բարոյականության և մշակույթի անկումը, օտարազգիների ներհոսքը, թմրամոլությունը, կրթության թանկացումը, բնապահպանությունը և այլ ախտեր։

Հետաքրքիր է, որ միայն 22-րդ տեղում է քաղաքացիական և դեմոկրատական իրավունքների ոտնահարումը։ Դա կարևոր խնդիր է համարում հարցվածների միայն 4 տոկոսը։

Վերլուծաբանները չեն բացառում, որ ռուս-ուկրաինական ներկայիս ճգնաժամի բերումով ռուսաստանցիների ազատություններն էլ ավելի կսահմանափակվեն։ Արևմուտքը կխստացնի վիզաների տրամադրումը, կսառեցնի ոմանց հաշվեհամարները, իսկ Ռուսաստանը ոստիկանական պետությունից կվերածվի բացահայտ դիկտատուրայի, ինչը պարզապես կոչնչացնի դեմոկրատիայի հիմքերը։

Հրապարակախոս Յուլիա Լատինինան «Էխո Մոսկվի» ռադիոկայանով հեռարձակված ծրագրում խոսել է այդ վտանգի մասին։

«Ուկրաինա կատարած ներխուժման գլխավոր արդյունքը ներքաղաքական համապարփակ աղետը կդառնա, խոսքի ազատության ոտնահարումը, կեղծ հայրենասիրական հիստերիան, անձի պաշտամունքը, Կրեմլի սոցիալական բազան կդառնան լյումպենները, որոնց համար կա մեկ սրբություն` թիվ մեկ որձը, ով միայնակ փրկում է Մեծ Ռուսաստանը նրան կործանելու երազանքը փայփայող Արևմուտքի ֆաշիստներից»,- ասել է Լատինինան։

Ռուսաստանում դեմոկրատական իրավունքների ոտնահարման մեկնարկի մասին են ահազանգել 5 տասնյակ գրողներ` ռուսական ՊԵՆ ակումբի անդամներ, ովքեր համատեղ հայտարարության մեջ գրել են, որ «երկրում արդեն նկատելի է դառնում քաղաքացիների սահմանադրական իրավունքները սահմանափակելու միտումը, առաջին հերթին ոտնահարվում են խոսքի ազատությունը և տեղեկատվություն հայթայթելու ու տարածելու իրավունքը»։

«Մենք հասել ենք միջազգային պայմանագրերի համակարգի ամբողջական քայքայման, տնտեսական քաոսի և քաղաքական դիկտատուրայի եզրին»,- նախազգուշացրել է պատմական, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրեյ Զուբովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG