Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի ռոքերները դեմ են պատերազմին


«Մաշինա Վրեմենի» խմբի հիմնադիր և երգիչ Անդրեյ Մակարևիչ, արխիվ, 30 հուլիսի, 2012թ.

«Մաշինա Վրեմենի» խմբի հիմնադիր և երգիչ Անդրեյ Մակարևիչ, արխիվ, 30 հուլիսի, 2012թ.

Անդրեյ Մակարևիչը «հրեշավոր սխալ է» համարում Ուկրաինայի հետ հավանական պատերազմը։

Եթե օրվա լրահոսին հետևես միայն ռուսական հեռուստաեթերով, ապա կմտածես, թե աշխարհի վերջն է. ֆաշիստներն արդեն հասել են Ռուսաստանի սահմանին, Ուկրաինայում ռուսների զանգվածային սպանդ է, խիզախ գերագույն հրամանատարը փորձում է հետ մղել գրոհը, բայց նենգ Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներով։

Դրանից, իհարկե, շատ են ուրախանում տեղացի «գրանտակերները, հայրենիքի արյունը խմող ազգադավ հինգերորդ շարասյունը»։ Քիչ է մնում սկսեն երգել «Վստավայ ստրանա օգրոմնայա» և նետվեն մարտի։

Պրոպագանդիստական աղմուկը խլացրել է ցանկացած այլ կարծիք, բայց այն կա, մեկ-երկու ռադիոկայանի և ինտերնետի շնորհիվ ռուսաստանցիները և ուրիշ երկրների բնակիչները տեղեկանում են, որ Ռուսաստանում շատերն են մերժում են այդ հիստերիան, առաջին հերթին արվեստագետները և նրանց թվում ռուսաստանցի ազնիվ ռոքերները։

«Այսպիսի սանձարձակ քարոզ, այսքան սուտ մեկ էլ, երևի, Բրեժնևի տարիներին էր», - ասել է «Մաշինա վրեմենի» խմբի հիմնադիր և երգիչ Անդրեյ Մակարևիչը «Սնոբ» հանդեսին և դիմել ռուսաստանյան հեռուստատեսության աշխատակիցներին.- «Հեյ, հեռուստացույցի տղերք, արդեն հասցրել եք ահագին մարդ զոմբիացնել, ի՞նչ եք անում, ուզում եք շատ երկար ժամանակով խռովեցնել կողք֊կողքի ապրող երկու ազգերի՞ն։ Ստացվում է, բայց գիտե՞ք դա ինչով կվերջանա, դուք ուզում եք պատերա՞զմ Ուկրաինայի հետ, կարծում եք, այնպես կլինի, ինչպես Աբխազիայու՞մ էր: Չի՜ լինի, նրանց տղերքը կոփվել են Մայդանում, նրանք կռվում են իրենց երկրի, իրենց անկախության համար, իսկ մենք Յանուկովիչի՞։ Ինչո՞ւ եք դրան թաքցրել Ռուսաստանում, ազնիվ մարդը հանցագործին ապաստան չի տա, իսկ գողը` կտա, ինչո՞ւ եք ձեզ աշխարհով մեկ խայտառակում։ Գիտեմ, որ թքած ունեք, բայց այնուամենայնիվ` ինչո՞ւ։ Տղերք, մենք նրանց [ուկրաինացիների] հետ պետք է ապրենք որպես հարևան, և նախընտրելի է` որպես բարեկամ, իսկ թե նրանք ինչպ՞ես են ուզում ապրել` թողեք, իրենք որոշեն»։

«Սնոբ» հանդեսում Մակարևիչի հրապարակած այս ուղերձը մեծ աջակցություն է ստացել Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում։

Ռոքերը Ուկրաինայի թեմայով հարցազրույց է տվել նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Նա նախազգուշացրել է, որ Ուկրաինայում ռուսաստանցի զինվորականի դեմ դուրս կգա այդ երկրի հայրենասեր զինվորը։

«Շատ եմ վախենում, որ կարող է տեղի ունենալ հրեշավոր սխալ ու մեր երկիրը կներքշվի եղբայրասպան պատերազմի մեջ մեր իսկ մերձավոր հարևանի հետ։ Որովհետև նույնիսկ նրանք, ովքեր այնտեղ խոսում են ռուսերեն և հիմա վիճում են արևմտամետների հետ, երբ տեսնեն, որ իրենց երկիր օտար բանակ է ներխուժում, կդառնան իրենց երկրի պաշտպան և զենք կվերցնեն։ Ուզում եմ, որ մեր վայ-մարտիկները դա հասկանան։ Պետք է ամեն ինչ անել այդ պատուհասից խուսափելու համար», - ասել է երգահանը։

Անդրեյ Մակարևիչը և «Մաշինա վրեմենի»-ի մեկ այլ անդամ` Ալեքսանդր Կուտիկովը, ստորագրել են Ռուսաստանի իշխանություններին և երկու երկրների ժողովուրդներին հասցեագրված հանրագիր, որով Կրեմլից պահանջում են դուրս հանել բանակը, իսկ քաղաքացիներին կոչ են անում չհավատալ ռուսական պաշտոնական պրոպագանդային և չաջակցել պատերազմին։

«Մենք պարտավոր ենք ցույց տալ ուկրաինացիներին, որ Ռուսաստանում իշխանական քարոզից զատ կա նաև այլ կարծիք, որ տանկերից զատ` կա նաև այլ փաստարկ։ Հիմա շատ կարևոր է հարգել հարևանների պատմական ընտրությունը և փորձել այդպես արժանանալ նրանց հարգանքին»,- ասվում է հանրագրում։

Ուկրաինայի հետ հնարավոր պատերազմի դեմ են բողոք հայտնել նաև Բորիս Գրեբենշչիկովը, Յուրի Շևչուկը, Զեմֆիրան և անվանի ուրիշ ռոքերներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG