Մատչելիության հղումներ

Ուկրաինայում վիճակը լարված է մնում. Յանուկովիչը հայտարարություն կանի


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռանում է ասուլիսի վայրից, Դոնի Ռոստով, 28-ը փետրվարի, 2014

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռանում է ասուլիսի վայրից, Դոնի Ռոստով, 28-ը փետրվարի, 2014

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեքշաբթի օրը հանդես է գալու հրապարակային հայտարարությամբ: Այս մասին նրա մերձավոր շրջապատից հայտնել են ռուսական լրատվամիջոցներին:

Հայտարարության բովանդակության մասին նախապես ոչինչ չի հաղորդվում, միայն նշվում է, որ ինչպես նախորդ անգամ, վաղը նույնպես Յանուկովիչը խոսելու է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում:

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է նշանակված Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու հարցով: Միջազգային հանրությունը, գերտերությունների ղեկավարները դա անօրինական են համարում՝ դատապարտելով Ուկրաինայի ինքնիշխանության դեմ Ռուսաստանի գործողությունները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Սպիտակ տանը ընդունելու է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:

Սպիտակ տունը հաղորդում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկելու են, թե Ռուսաստանի կողմից Ղրիմի շարունակվող ռազմական ներխուժման պայմաններում ինչպես գտնել խաղաղ լուծումը՝ հարգելու համար Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Նրանք քննարկելու են նաև միջազգային հանրության կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցերը:

Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի ու Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցներում կրկին պաշտպանել է Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը՝ պնդելով, որ դա համապատասխանում է միջազգային նորմերին:

Կիրակի օրը ևս Ղրիմում ռուսամետ ուժերը բազմահազարանոց հանրահավաք են անցկացրել, իսկ Կիևին սատարող հանրահավաքին մոտավորապես 500 մարդ է մասնակցել:

Ղրիմում բռնությունների են ենթարկվել ու ձերբակալվել Կիևի կենտրոնական իշխանությունների աջակիցներ ու լրագրողներ: Ղրիմի ուկրաինական խորհրդի նախագահ Անդրեյ Շչեկունի և Սիմֆերոպոլի ուկրաինական դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անատոլի Կովալսկիի գտնվելու վայրը հայտի չէ: Կովալսկիի որդին պատմել է, որ իր հայրը և Անդրեյ Շչեկունը ռուսական օկուպացիայի դեմ կիրակի օրը անցկացված հանրահավաքից հետո Սիմֆերոպոլի երկաթուղային կայանում անհայտ մարդկանց կողմից ծեծի են ենթարկվել և առևանգվել:

Ինչ վերաբերում է լրագրողների դեմ գործողություններին, ապա այսօր ուկրաինացի լրագրող Օլեքսիյ Բյակն ասել է, որ իր երկու գործընկերները՝ «Ավտոմայդանի» ակտիվիստների խմբի մամուլի քարտուղար Կատերինա Բուտկոն և անկախ բլոգեր Օլեքսանդրա Ռյազանցևան կիրակի օրը, երբ փորձել են Ղրիմ մտնել, ձերբակալվել են իրենց ինքնապաշտպանական զորքեր կոչող զինվորական համազգեստով մարդկանց կողմից: Նրանց գտնվելու վայրը նույնպես հայտնի չէ:
Հաղորդվում է ուկրաինացի այլ լրագրողների, այս թվում «Ուկրաինան Վիք» պարբերականի լրագրող Օլենա Մակսիմենկոյի ձերբակալության մասին:

Կիրակի օրը իրավիճակը սրվել էր նաև Ուկրաինայի արևելյան՝ ռուսախոս շրջաններում: Լուգանսկ քաղաքում ռուսամետ ցուցարարները, ճեղքելով ոստիկանների շղթան, գրավել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքը և պահանջել վարչակազմի ղեկավարի հրաժարականը:

Դոնեցկում մի քանի հազար ցուցարարներ հանրահավաք են անցկացրել, տեղական վարչակազմի շենքի վրայից հանել են ուկրաինական դրոշը ու բարձրացրել ռուսական դրոշը:

Դոնեցկում հանրահավաք էին հրավիրել նաև Ուկրաինայի նոր իշխանություններին սատարողները, որի ընթացքում պետք է ելույթ ունենար Վիտալի Կլիչկոն, բայց այն կիսատ է մնացել, քանի որ ռուսամետ ուժերի հարձակման վտանգ կար:

Ուկրաինայի արևելյան քաղաքներում, Ղրիմում ռուսամետ ուժերը հանրահավաքների դուրս են գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլև նախկին Խորհրդային միության դրոշներով ու խորհրդանիշերով:

Ղրիմում Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը՝ վերահսկողության տակ վերցնելով նաև սահմանային անցակետերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG