Մատչելիության հղումներ

ԱԺ-ն մերժեց Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկը


Իշխանական կոալիցիան մերժեց Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը:

Հանրապետականն ու «Օրինաց երկիր»-ը չլսեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կոչը․ - «Եթե չեք քվեարկում հանձնաժողովի ստեղծմանը կողմ, դա նշանակում է, որ արդարադատության խոչընդոտման համար ամբողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեր ուսերին, ինչպես նաև` այդ արյան համար պատասխանատվությունը»:

«Կողմ` 46, դեմ` 66, ձեռնպահ` 1: Որոշումը չի ընդունվում», - քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե իրենց կուսակցությունում քննարկած և խմբակցությունում ամրապնդած դեմ կարծիքն այլընտրանք չունի․ - «Կարծում եմ, ամենաշատը մենք ենք խնդրին լուրջ մոտենում: Եվ կարծում եմ, դրա ամբողջական պատասխանատվությունը մեզ վրա է` առավել ևս: Եվ նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շոուներ ստեղծել այս կամ այն հարցի վերաբերյալ, մեզ համար այդ ճանապարհները ընդունելի չեն»:

Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) հակադարձեց, թե իշխող ուժը դեմ լինելու իրավական հիմնավորում չի բերում, բոլորը քաղաքական են․ - «Քվեարկությունը քաղաքական դիրքորոշումն էր արտահայտում, որ դեմ են»:

Օրինագիծը, հիշեցնենք, Ազգային ժողովի օրակարգում էր հայտնվել «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ պատգամավորների համատեղ ստորագրահավաքի արդյունքում:

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը քվեարկությունից առաջ իշխանական գործընկերներին կոչ արեցին հետևել իրենց օրինակին:

«Կոչ ենք բոլորին, ովքեր թաքցնելու և վախենալու բան չունեն, քվեարկեն կողմ», - ասաց, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):

Հարցը խորհրդարանում ներկայացնող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ի առնվազն 3-4 սպանություն, մարմնական վնասվածք հասցնելու մի շարք դեպքեր հնարավոր է բացահայտել, ինչին հետևել էր ՀՀԿ-ականների պատասխանը՝ եթե Մարտի 1-ի հետ կապված նոր ապացույցներ ունի, թող ներկայացնի համապատասխան մարմիններին:

«Շահագրգռված չեն։ Հակառակ դեպքում չեմ կարծում, թե մեր ոստիկանությունը, մեր դատախազությունը, մեր քննչական մարմիններն այնքան անկարող կամ մասնագիտական առումով վատ պատրաստված մարմիններն են, որ չեն կարողանում այդ մի քանի հարյուր հանցագործություններից որևէ մեկը բացահայտել: Եթե կարողացել են անմեղ մարդկանց դատել, դատապարտել շինծու մեղադրանքներով, ապա ակնհայտ բացահայտման ենթակա հանցանքները կարող են բացահայտել և մեղավորներին քրեական պատասխանատվության կանչել», - ասաց Ջհանգիրյանը:

«Հիմա հանցագործներ ման գալ պառլամենտի միջոցով, այն էլ՝ մի քրեական մարմին ստեղծել, որ պիտի լիազոր մարմնին քննի և բացահայտումներ անի․․․ այդ ժամանակները անցել են», - նշեց Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործը չի կարճվում, որովհետև միջոցները սպառված չեն: Նա համոզմունք հայտնեց, որ բացահայտում լինելու է:

Ջհանգիրյանի կարծիքով, սակայն, գործը այլ պատճառով չի կարճվում․ - «Եթե կարճեն, ապա այդ բոլոր նյութերը պետք է տրամադրեն տուժողների իրավահաջորդներին, փաստաբաններին»:

«Ազատության» հարցին, թե արդյոք կասեցման դեպքում էլ պարտավոր են տրամադրել այդ նյութերը, Ջհանգիրյանը պատասխանեց․ - «Ոչ: Կասեցման դեպքում մեկ ուրիշ խնդիր է առաջ գալիս: Այսինքն՝ փակեցիք, հա՞, գործի քննությունը․․․ Դրա համար չեն կասեցնում, տպավորություն են ստեղծում, որ քննությունը շարունակվում է»:

Նախկին զինդատախազի փոխանցմամբ, Քրեադատավարական օրենսգրքով ժամկետային որևէ սահմանափակում չկա, ուստի կարող են անվերջ շարունակել:

Ջհանգիրյանը նաև փոխանցեց, որ իրենք հուսահատված են, չգիտեն իշխանական ուժերի քվեարկության արդյունքում երկրորդ անգամ տապալված հարցը արժե՞ երրորդ անգամ բարձրացնել․ - «Եթե քաղաքական ուժերի հարաբերակցությունը կամ տրամադրությունները նույն վիճակում լինեն, անիմաստ է արդեն կրկնել»:

Առաջիկայում ՀԱԿ-ը հանդես կգա բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տրամադրելու առաջարկով: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սա ՀՀԿ-ն էլ կարևորում է, բայց պետբյուջեն նման հնարավորություն չունի:

«Փողը կհալվի, կվերջանա, բայց ցավը, միևնուն է, կմնա», - հավելեց նա:
XS
SM
MD
LG