Մատչելիության հղումներ

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, Կոնգրեսը ԲՀԿ-ի հետ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին կմասնակցի միայն եթե դրա հիմքում դրվի իշխանափոխության հարցը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միասնական քաղաքական և տնտեսական օրակարգ կազմելու և դրան հասնելու ճանապարհային քարտեզ ձևավորելու նպատակով կոնսուլատացիաներ է նախաձեռնել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:

Այդ նպատակով անցած ուրբաթ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Դաշնակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Վաղն արդեն ԲՀԿ ղեկավարը կհյուրընկալի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այդ հանդիպմանը Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի: Զուրաբյանն ասաց, թե հանդիպմանը մասնակցելու հրավերը ուղարկվել է իրեն և, հետևաբար, ՀԱԿ-ը կկազմի իր պատվիրակությունը և հանդիպումը կկայանա: Քանի որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր մանրամասնել, թե ինչի շուրջ են փորձում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ճանապարհային քարտեզ կազմել, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հարցրեցինք, թե արդյոք այդ քարտեզի հիմքում դրվել է իշխանափոխության հարցը:

Լևոն Զուրաբյան․ - Մենք այլ ծրագրի մեջ չենք կարող մտնել: Հայ ազգային կոնգրեսը այլ ծրագիր իր համար չի պատկերացնում: Մենք ինքներս դրա մասին վեց տարի խոսել ենք, մենք ինքներս կառուցել ենք ինչ-որ մի գործընթաց և առաջարկել ենք ինչ-որ գործընթաց մարտի 1-ի հանրահավաքում:

«Ազատություն»․ - Այսինքն Դուք կարծում եք, որ այսօր իսկապես ԲՀԿ-ն, որը դեռևս նույնիսկ չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է կամ ուզում է ընդդիմություն դառնալ, պատրաստ է իսկապես իշխանափոխությանը ուղղված կոնկրետ քայլե՞ր իրականացնել:

Լևոն Զուրաբյան․ - Ես չեմ ցանկանում որևէ քաղաքական ուժի անունից խոսել: Այն ծրագիրը, որը մենք հետապնդում ենք, մենք դրա մասին ժողովրդին պարզ ենք ասում, մեր գործընկերներին՝ պարզ ասում ենք: Եվ մենք պարզ էլ բացատրում ենք, թե մենք ինչ գործընթացի մեջ ենք մտնում: Եվ ես կարծում եմ այստեղ տարընթերցման որևէ հնարավորություն մենք ոչ մեկին չենք թողել, այնպես որ, եթե մեզ հետ մտնում են համագործակցության մեջ, սա նշանակում է, որ իրենք գիտեն՝ ուր ենք մենք միասին գնում:

Հիշեցնենք, «հստակ քաղաքական-հասարակական սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ» կազմելու մասին Գագիկ Ծառուկյանը խոսել էր փետրվարի 15-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարի ժամանակ՝ չմանրամասնելով կոնկրետ ինչի շուրջ պետք է այն լինի:

Մարտի 1-ին արդեն Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ճանապարհային քարտեզի մասին խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հստակեցնելով, որ իշխանափոխությանն ուղղված ճանապարհային քարտեզը պետք է համատեղ մշակեն Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը՝ ինչպես ընդդիմադիր առաջնորդն էր ձևակերպել՝ հրաշալի քառյակը: «Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են», - նաև ասել էր Տեր-Պետրոսյանը:

Ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ կազմելու նախաձեռնությունը ՀԱԿ-ին է, թե ԲՀԿ-ինը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե հանդիպումների հրավերը ԲՀԿ-ինն է, բայց խիստ երկրորդական է, թե ով ինչ է նախաձեռնել, կարևորն այն է, որ գործը առաջ գնա և գործընթացը սկսվի:

«Ճիշտ կլինի՞ արդյոք, որ մենք էլ ասենք, որ գործընթացը նախաձեռնեց Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հանրահավաքով և հստակ մեսիջներով, որ ուղարկված էին բոլոր քաղաքական ուժերին: Երևի սխալ կլինի: Մեկը 6 տարի առաջ է սկսել, մեկը նոր է մտնում պայքարի մեջ՝ դա ոչ մի նշանակություն չունի: Այդ հակադեմոկրատական ռեժիմը, երկրի զարգացմանը խոչընդոտող ռեժիմը, որ այսօր կա Հայաստանում, պետք է հեռացվի, պետք է լինեն ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ: Այլապես մենք կամ կունենանք դանդաղ մահվան մի ճահիճ, կամ Ուկրաինայի նման մի ապստամբություն», - նշեց նա:

Դաշնակցության հետ անցած շաբաթ արդեն իսկ կայացած հանդիպման մասին մանրամասներ չեն հրապարակվում, սակայն «Կենտրոն» հեռուստաընկերության տարածած տեսանյութում Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խոսում էր միասնականության անհրաժեշտության մասին: Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ընդգծում էր երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համատեղ ցանկության մասին:

Հանդիպմանը մասնակցած Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից փորձեցինք մանրամասներ պարզել, մասնավորապես այն, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել են նաև համակարգային իշխանափոխության հասնելու քայլերը, ինչին ձգտում է նաև Դաշնակցությունը:

«Մենք քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր ելքերը և մեր համագործակցության շրջանակները: Մոտ մեկ ժամ քառասուն րոպեանոց հանդիպում է եղել և շարունակելու ենք համագործակցությունը», - մանրամասնեց Աղվան Վարդանյանը:

Մեր հարցին՝ «հիմա կոնկրետ ինչի՞ շուրջ եք քննարկումը ծավալել, իշխանափոխությո՞ւնն է, որի շուրջ փորձում եք նաև այդ գործողությունների պլանը մշակել», Աղվան Վարդանյանը արձագանքեց․ - «Նորից կասեմ իմ հիմնական միտքը՝ կա երկրում ստեղծված վիճակ, որը հանգուցալուծում է պահանջում, այսպես շարունակել իսկապես անհնար է: Եվ մենք փորձում ենք գտնել ելքերը, միասին մտածել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, քննարկել այդ քայլերը և անհրաժեշտության դեպքում կատարել գործողություններ: Սա մինչև ո՞ւր կհանգեցնի, բնականաբար, քննարկումների արդյունք կարող է լինել»:

Հավելենք, որ Դաշնակցության հետ ունեցած քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հորդորել էր իր գործընկերներին համագործակցության ընթացքում խոստումները կատարել և միմյանց հանդեպ վստահությունը չկորցնել:

«Հանրապետությունում կան մի քանի դատարկ դհոլներ, որոնք պատվեր կատարելով, իհարկե, պետք է աշխատեն սեպ խրել, բայց մենք պետք է բոլորս գիտակցելով, հասկանալով, զգոն մոտենանք: Եթե հարց կա, մենք կարող ենք հանդիպել, քննարկել իրար հետ, այդ վստահությունը, հարգանքը պահել», - ասել էր Ծառուկյանը:
XS
SM
MD
LG