Մատչելիության հղումներ

logo-print

«Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը հասել է պատմական մինիմումին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսում է «Արդարութ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսում է «Արդարութ

Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երեք շաբաթ առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը հասել է պատմական մինիմումին:

Սա են վկայում Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցումները: Ինչպես փոխանցում է թուրքական Zaman օրաթերթը, վարչապետ Էրդողանի և նրա զինակիցների շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին իշխող կուսակցության վարկանիշը առաջին անգամ 2007 թվականից ի վեր 40 տոկոսից էլ ցածր է:

Թերթը զրուցել է ստամբուլցի սոցիոլոգ Մուրատ Գեզիջիի հետ, ով պնդել է, թե Էրդողանի շրջապատը այս օրերին պատվիրված հարցումների միջոցով փորձում է տպավորություն ստեղծել թե իշխող կուսակցության վարկանիշը 47-ից 50 տոկոսի միջակայքում է:

«Իրականում մարտի 30-ի ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 40 տոկոսից քիչ քվե կստանա»,- նշում է թուրք հետազոտողը հավելելով․- «Եթե փետրվարին թուրքերի 57 տոկոսն էր համոզված, որ Էրդողանի կառավարությունը կոռումպացված է, ապա մարտի սկզբին այդ ցուցանիշն արդեն հասել է 68 տոկոսի»:

Նույն հետազոտության համաձայն՝ երկրի ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչն այս պահին նախագահ Աբդուլա Գյուլն է: Նրան աջակցում է թուրքերի 32 տոկոսը: Երկրորդ տեղում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ 30 տոկոս: Իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ըստ այս հարցման, միայն երրորդն է` 22 տոկոս համեստ վարկանիշով:

Էրդողանի դիրքերի կտրուկ թուլացման ևս մեկ ապացույցը երկրի դատական համակարգի գործունեությունն է, որը կարծես սկսել է վերանայել նաև «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցի գործով կայացված վճիռները: «Էրգենեկոն»-ի բացահայտումը Էրդողանի իշխանության ամրապնդման հիմնական դրվագներից էր: Շաբաթ գիշերը, սակայն, դատարանի հատուկ որոշմամբ բանտից դուրս եկավ «Էրգենեկոն»-ի առանցքային դերակատարներից մեկը` ցմահ բանտարկության դատապարտված, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղը: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ երկրի Սահմանադրական դատարանը ընդունեց այն փաստը, որ հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող Բաշբուղի իրավունքները նախաքննության շրջանում լրջորեն խախտվել են:

«Ատելությամբ և վրեժխնդրությամբ առաջնորդվող մարդիկ 26 ամիս խլեցին իմ կյանքից, ուղիղ 26 ամիս ես զրկված էի ազատությունից: Բանտերում սակայն շատ այլ մարդիկ կան, ովքեր ծանր առողջական խնդիրներ ունեն և ինձ նման այս դատարանի զոհերն են հանդիսանում: Ես հույս ունեմ, որ այդ մարդկանց դեմ կայացված վճիռները ևս կվերանայվեն»,- հայտարարել է Բաշբուղը:
XS
SM
MD
LG