Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյանը այցելել է Թուրքմենստան


Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հայ - թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը Թուրքմենստանում էր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին մշակույթի նախարարության և Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչներ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Աշգաբատում Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի և իր գործընկեր՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Բերդինիյազ Մյատիևի հետ։

Հանդիպումների ժամանակ քննարկվել է բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ Երևանի և Աշգաբատի կողմից ձեռնարկվող համատեղ քայլերի ընթացքը, անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի, Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարության հետ՝ կապված Թուրքմենստանում նախատեսվող բիզնես-ֆորումի և Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG